Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյան. «Նախագահների հանդիպումը տեղի կունենա փետրվարի առաջին կեսին Ֆրանսիայում»


Լոնդոնում Ռուսաստանի դեսպանատանը հինգշաբթի ուշ երեկոյան ավատրվեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի բանակցությունները:

«Մենք մտել ենք մի փուլ, որը իսկապես բարդ է, եւ դրա վկայությունը այսօրվա մեր հանդիպումն էր, որը բավական ծանր անցավ: Չնայած մթնոլորտը բավական դրական էր, բայց, համենայն դեպս, բարդությունը արդեն իրեն զգացնել է տալիս», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Վարդան Օսկանյանը:

Արտգործնախարարներին հաջողվել է համաձայնության գալ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կհանդիպեն. - «Միշտ էլ կարող է վտանգ լինել, որ նախագահները, [ԵԱՀԿ Մինսկի խմբի] համանախագահները կամ կողմերից որեւէ մեկը ասեր, որ նպատակահարմար չի գտնում հանդիպման անցկացումը», - ասաց Հայաստանի արտգործնախարարը:

Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը անձամբ հրավիրել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին Ղարաբաղի հարցով հանդիպումն անցկացնել Ֆրանսիայում: Հանդիպման օրը եւ կոնկրետ վայրը դեռեւս հայտնի չէ, բայց Վարդան Օսկանյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ Քոչարյան - Ալիեւ ֆրանսիական հանդիպումը տեղի կունենա փետրվարի առաջին կեսին. - «Մոտ օրերս ֆրանսիական կողմը կհայտարարի բանակցությունների անցկացման կոնկրետ վայրը եւ օրը: Դա տեղի կունենա փետրվարի առաջին կեսին»:

Դիտարկմանը, թե բանակցությունները այս անգամ ավելի երկար ձգվեցին, Օսկանյանը արձագանքեց. - «Նախագահների առաջ բավական լուրջ խնդիրներն են դրվելու, եւ արդեն այնպիսի խնդիրներ են, որոնք վճռորոշ են լինելու հետագա ընթացքի համար... Ես կարծում եմ, որ կոնկրետ այս փուլը ամենաբացն է լինելու: Եթե նախագահները կարողանան հաջողության հասնել, դրանից հետո, ես կարծում եմ, որ դրական տեղաշարժերը կշարունակվեն»:

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցությունների ընթացքում քննարկվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ փաստաթուղթ, որը, ըստ ենթադրությունների, կարող է նախագահների բանակցությունների ժամանակ հիմնական փաստաթղթի հիմքը դառնալ, Վարդան Օսկանյանը նշեց. - «Արդեն գաղտիք չէ, մենք ասել ենք, որ սեղանին է 1 էջանոց, 3-4 պարբերությամբ մի տեքստ, որը վերաբերում է հարցի կարգավորման հիմնական սկզբունքներին»:

«Պայմանագրի ծավալուն նախագիծ չկա, կա սկզբունքների շուրջ մի ընդհանուր փաստաթուղթ, որի շուրջ էլ այսօր շարունակվեցին բանակցությունները: Փաստաթուղթը ծավալով փոքր է, բայց բովանդակությամբ կարեւոր է եւ անդրադառնում է հիմնական սկզբունքներին», - հայտարարեց Հայաստանի արտգործնախարարը եւ ավելացրեց. - «Եթե կողմերին հաջողվի այդ բոլոր սկզբունքների շուրջ համաձայնություն տալ, ապա այդ բոլորը մանրացնելը եւ փաստաղթղի վերածելը ավելի հեշտ կլինի»:

Ինչ վերաբերում է նախագահների առաջիկա հանդիպման ընթացքում փաստաթղթի ստորագրման հնարավորությանը, ապա, ըստ Վարդան Օսկանյանի, դա ստորագման ենթակա փաստաթուղթ չէ:

«Նման փաստաթղթերը կոչվում են «non-paper», դա աշխատանքային փաստաթուղթ է եւ, ինչպես ասացի, շատ ընդհանուր անդրադարձ է անում [կարգավորման] սկզբունքներին», - եզրափակեց Հայաստանի արտգործնախարարը:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG