Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Անդրադառնալով նախագահի հրամանագրով դատախազական համակարգում կատարված փոփոխությանը, որով զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը նշանակվեց գլխավոր դատախազի տեղակալ, իսկ այդ պաշտոնը զբաղեցնող Արմեն Խաչատուրյանը` զինդատախազ`«Ազգ»-ը արձանագրում է. - «Հայաստանի իշխանական համակարգի փակվածության մասին բազմիցս նշվել է՝ հատկապես իշխանական վերնախավը որակելով որպես կաստային: Իշխանական վերին էշելոնում տեղի ունեցող իրադարձությունները մշտապես պատված են անթափանց քողով, շատ դեպքերում որեւէ բացատրություն եւ մեկնաբանություն չի տրվում տեղի ունեցողին: Երկրի համար կարեւորագույն պաշտոններում տեղի են ունենում փոփոխություններ, նշանակումներ, ազատումներ, «ոչ փոքր» կենսագրություն ունեցող մարդկանց մի պաշտոնից մյուսը տեղափոխություններ: Եվ այդ ամենը՝ առանց պատճառաբանության, առանց բացատրության»:

«Ի վերջո, Գագիկ Ջհանգիրյանը սպասվածից ավելի շատ մնաց ՀՀ զինվորական դատախազի պաշտոնում, եւ, իհարկե, այդ սպասումը կապվում էր 1999 թվականի հոկտեմբերի 27-ի գործի նախաքննության հետ», - շաղկապում է «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը: - «Ջհանգիրյանի ղեկավարած քննչական խումբը, որը վարում էր հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գործը, ըստ էության, մտքով անց էր կացրել, որ հոկտեմբերի 27-ի ահաբեկչությանը կարող է մասնակից լինել նաեւ Ռոբերտ Քոչարյանը: Այդ վարկածի քննության հետագա կասեցումը շատերը կապում են Հայաստանում քաղաքական իրավիճակի փոփոխության հետ, երբ Ռոբերտ Քոչարյանը կարողացավ վերականգնել լիարժեք նախագահի իր կարգավիճակը, որը սասանվել էր 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո: Սակայն այս պարագայում էլ Ջհանգիրյանը չկորցրեց իր պաշտոնը, եւ շատերը մտածում էին, որ դա այն ինֆորմացիան է, որը նա կարող էր կուտակած լինել նախաքննության փուլում», - շարադրում է «Հայկական ժամանակ»-ը` եզրակացնելով. - «Ամեն դեպքում, ակնհայտ է, որ Գագիկ Ջհանգիրյանի կենսագրության այս փուլը եւս Հայաստանում քաղաքական նոր իրավիճակի հաստատման վկայություն է: Սա նշանակում է, որ ՀՀ նախագահի պաշտոնում Ռոբերտ Քոչարյանը հիմա իրեն առավել վստահ է զգում, քան երբեւէ»:

Կադրային հնարավոր տեղաշարժերի մասին է գրում «Առավոտ»-ը`վկայակոչելով կառավարությանը մոտ կանգնած աղբյուներ: Ըստ այդմ՝ չի բացառվում, որ մոտ ապագայում ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն ու հարկային պետական ծառայությունը կրկին միավորվեն եւ այդ օղակի ղեկավար նշանակվի ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Վահրամ Բարսեղյանը: «Նույն աղբյուրի ասելով», - շարունակում է թերթը, - «կադրային փոփոխություն է սպասվում նաեւ ոստիկանությունում: Մաքսային պետական կոմիտեի լուծարումից հետո ՀՀ ոստիկանապետ է նշանակվելու այդ կոմիտի ղեկավար Արմեն Ավետիսյանը... Երեւանի քաղաքապետ է նշանակվելու Կենտրոն համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանը, իսկ ներկայիս քաղաքապետ Երվանդ Զախարյանը, ամենայն հավանականությամբ, կզբաղեցնի տարածքային կառավարման նախարարի պաշտոնը` փոխարինելով Հովիկ Աբրահամյանին: Վերջինս նշանակվելու է ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար»:

«Հայոց աշխարհ»-ը գրում է. - «2007-ի խորհրդարանական ընտրություններում խոշոր կապիտալի ներկայացուցիչները հանդես են գալու սեփական «այցեքարտով», ինչը լուրջ մարտահրավեր է դառնալու ոչ այնքան թույլ ու կոտորակված ընդդիմությանը, որքան ներկա քաղաքական դաշտի իշխանամետ հատվածին»: Ըստ վերլուծաբանի, Հայաստանի ներկա անկատար քաղաքական դաշտը հարկադրաբար պետք է ընդունի իրեն նետված մարտահրավերը եւ պայքարով ինքնահաստատվի, կամ էլ ոչնչանա ու ճանապարհ բացի նոր ուժերի ձեւավորման համար, որոնք ոչ թե սոսկ կխոսեն արդարության ու բարոյականության մասին, այլ տեր կկանգնեն այդ բարձր սկզբունքներին»:

«168 ժամ»-ում ՀՀՇ վարչության փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանը ասում է. - «Այդ նոր, արհեստականորեն ստեղծված ակնհայտ իշխանական կուսակցությունները ձեւավորվեցին` իշխանություններին ծառայելու համար... Դա խոսում է այն մասին, որ իշխանությունների ներսում կա լուրջ պրոբլեմ՝ իշխանությունների ներսում վերադասավորումների կարիք է առաջացել, եւ այս կամ այն թեւին չի բավարարում իշխանություններում գործող կուսակցությունների գործունեությունը»:

«Առավոտ»-ում Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) ղեկավար Գուրգեն Արսենյանը դասախոսում է. - «Հայաստանում քաղաքական վերադասավորումներ լինում են միայն այն պարագայում, երբ քաղաքական իրավասություն ունեցող մարմինը փոխում է իր կոնֆիգուրացիան»: Ընդդիմադիր ասպարեզում հավանական վերադասավորումներին վերաբերող հարցին Գուրգեն Արսենյանը պատասխանում է. - «Այդ ճամբարում վերադասավորումները հրատապ չեն: Ընդդիմությունն իր գործողությունների փիլիսոփայության մեջ դրեց ամենաանարդյունավետ գործոնը: Ցանկացած երկրում հանրահավաքային գործընթացներն ունեն մի նպատակ` ստանալ հնարավորություն տեղափոխվելու խորհրդարան:Հայաստանում տեղի ունեցածն առեղծված է, խորհրդարանական ամբիոն ունեցող ուժերը կամովին տեղափոխվեցին հանրահավաքային հարթակ... Սա ռեգրես է եւ անհեթեթ քաղաքական տեսանկյունից»:

Չհամաձայնելով «Գոլոս Արմենիի»-ի հարցադրմանը, թե արդյոք ավելի անկեղծ չի լինի խոստովանել, որ «Արդարություն» դաշինքը, որպես այդպիսին, այլեւս գոյություն չունի, դաշինքի ղեկավար Ստեփան Դեմիրճյանը նշում է. - «Դաշինքը կա, որոշումներ են ընդունում, եւ ՀԺԿ-ն իր կողմից ամեն ինչ արել է եւ անում է այն ամրապնդելու համար: Ընտրողները վստահել են «Արդարությանը», եւ դաշինքի կազմում ընդգրկված կուսակցությունները պետք է գիտակցեն իրենց պատասխանատվությունը: Եթե որոշ կուսակցություններ աննպատակահարմար գտնեն իրենց հետագա ներկայությունը դաշինքում, ապա դա կլինի նրանց ընտրությունը»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG