Մատչելիության հղումներ

Թռչնագրիպի սպառնալիքը այնքան էլ չի վախեցնում Թուրքիա կամ Չինաստան մեկնող հայերին


Մինչեւ հունվարի 16֊-ը Թուրքիա մեկնող եւ Թուրքիայից ժամանող չվերթները հետաձգված էին: Երեկ առավոտյան այս տարի առաջին ինքնաթիռն է Ստամբուլից ժամանել Երեւան:

«Սպուտնիկ» տուրիստական գործակալության ավիատոմսերի վաճառքի մենեջեր Բելլայի տեղեկացմամբ, Երեւան - Ստամբուլ կամ Երեւան - Անթալիա չվերթների համար տոմսերի վաճառքը թռչնագրիպի պատճառով թեեւ որոշ չափով նվազել է, շատ մարդիկ այնուամենայնիվ մեկնում են:

«Թեեւ մարդիկ որոշ չափով վախենում են, բայց միեւնույն է ստիպված գնում են. այս սեզոնին Թուրքիա զբոսաշրջության չեն գնում, այլ հիմնականում գնում են առեւտրի` «ապրանք բերելու»: Որոշ մարդիկ թռիչքը հետաձգում են, բայց, այսպես թե այնպես, գնում են», -ասում է Բելլան:

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի մամուլի քարտուղար Գայանե Դավթյանի խոսքերով, իրենց գերատեսչությունը, առողջապահության նախարարությունը եւ «Զվարթնոց» օդանավակայանը թռչնագրիպի կանխարգելման ուղղությամբ համատեղ միջոցառումներ են իրականացնում:

«Ուղեկցորդները հատուկ վերապատրաստում են անցել եւ օդանավում որեւէ ուղեւորի մոտ հարբուխի թեթեւ ախտանշաններ նկատելով, նրան առանձնացնում են մյուս ուղեւորներից: Օդանավակայանում արդեն տվյալ ուղեւորի հետ աշխատում են համաճարակաբանները: «Զվարթնոց» օդանավակայանում գործում են բժշկական մեկուսարաններ, որտեղ տեղադրված լաբորատոր սարքերը ուղղված են հենց թռչնագրիպի դեմ պայքարին», - ասում է Գայանե Դավթյանը եւ ավելացնում, որ Թուրքիա մեկնող ուղեւորները ցանկության դեպքում կարող են նույնիսկ անվճար պատվաստվել:

Դավթյանի փոխանցմամբ, մաքսային կետն իր հերթին թռչնագրիպի հետ կապված միջոցառումներ է իրականացնում. - «Եթե ուղեբեռի մեջ հայտնաբերվում է վտանգավոր սննդի ցանկում նշված որեւէ մթերք, ասենք, թուրքական թխվածքաբլիթ, որը կարող է ձու պարունակել, այդ սնունդը առանձնացվում է»:

Այս տարի Երեւանից 140 ուղեւոր է մեկնել Ստամբուլ, իսկ Ստամբուլից Երեւան է ժամանել 40 ուղեւոր:

Թեեւ մինչ այժմ որեւէ կասկածելի դեպք չի գրանցվել՝ անկախ այն բանից, թե չվերթը Թուրքիայից է, Մոսկվայից, թե, ասենք, Ամստերդամից, բոլոր ուղեւորների հետ իրականացվում են նույն միջոցառումները` հաշվի առնելով, որ մարդիկ տարանցիկ չվերթներով Հայաստան են ժամանում նաեւ այլ երկներից, որտեղ հայտնաբերվել է մահաբեր վիրուսը` այդ թվում եւ Չինաստանից:

Ինչ վերաբերում է Չինաստան մեկնող հայերին, թռչնագրիպը նրանց էլ չի ստիպում հրաժարվել ճամփորդությունից, եւ Չինաստան մեկնող ուղեւորների քանակը չի նվազել:

«Երկու ամիսը մեկ 40-֊50-֊հոգանոց խումբը կայուն կերպով մեկնում է Չինաստանի մայրաքաղաք Պեկին», - ասում է Երեւանի տուրիստական գործակալություններից մեկի աշխատակից Ծովինարը:


Սյուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG