Մատչելիության հղումներ

Արթուր Բաղդասարյանը աշխատանքային այցով կմեկնի Ավստրիա


Հունվարի 18-20-ը Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը աշխատանքային այցով կմեկնի Վիեննա, որտեղ հանդիպումներ են նախատեսվում Ավստրիայի Դաշնային խորհրդի նախագահ Սիսի Ռոտ Հալվաքսի, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Ալֆրեդ Գուսենբաուերի, արտաքին հարաբերությունների եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Բենիտա Ֆերերո Վալդների հետ:

Հայաստանի Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, Արթուր Բաղդասարյանը հանդիպում է ունենալու նաեւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարդ Պերեն դը Բիշամբոյի եւ ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Քրիստիան Սթրոհալի հետ:

Տեղեկացվում է նաեւ, որ այցի շրջանակներում Արթուր Բաղդասարյանը մասնակցելու է Ավստրիայի Հումանիտար գիտությունների ինստիտուտի կազմակերպած եւ Եվրամիության նախագահող երկրի բարձրագույն ղեկավարության հովանու ներքո անցկացվող «Հետկոմունիստական երկրներում ժողովրդավարության խորացման եվրոպական ռազմավարությունը» թեմայով խորհրդաժողովին, որին մասնակցելու են պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, խորհրդարանականներ, քաղաքական գործիչներ եւ վերլուծաբաններ աշխարհի 20 երկրներից: Համաժողովի ընթացքում կքննարկվեն Հարավային Կովկասում ժողովրդավարության խորացման հեռանկարների հարցերը:

Խորհրդաժողովի ընթացքում նախատեսվում են Բաղդասարյանի հանդիպումները Ավստրիայի Դաշնային վարչապետ Վոլֆգանգ Շուսելի, արտաքին գործերի նախարար Ուրսուլա Պլասնիկի, Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկի, Ավստրիայի Հումանիտար գիտությունների ինստիտուտի ռեկտոր, պրոֆեսոր Քրիստոֆ Միխալսկու հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG