Մատչելիության հղումներ

FAO-ն փորձագետներ կուղարկի Հայաստան


ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) երկուշաբթի հայտարարել է, թե «որեւէ պատճառ չկա չհավատալու, որ թռչնագրիպի վիրուսը դեռ դուրս չի եկել արեւելյան Թուրքիայի սահմաններից»: Կազմակերպության փորձագետ դոկտոր Խուան Լաբրոթը, ով նոր է վերադարձել Թուրքիայից, «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ առայժմ մահաբեր H5N1 վիրուսի միակ հաստատված դեպքը Թուրքիայում գրանցվել է Հայաստանին սահմանակից Արալիկ գյուղում:

Վերահաստատելով իր կազմակերպության հայտարարությունը, թե չի բացառվում, որ թռչնագրիպը կարող է արդեն թափանցած լինել Թուրքիայի հարեւան երկրներ՝ Հայաստան, Իրան, Սիրիա, դոկտոր Խուան Լաբրոթն ասաց, թե «FAO-ն պետք է լավ ու թափանցիկ տեղեկատվություն ստանա Թուրքիայի հարեւան երկրներից, ինչը կերաշխավորեր, որ թռչնագրիպը այդ երկրներում բացակայում է»:

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Հայաստանի կառավարությունը կապվել է ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության հետ, ՄԱԿ-ի փորձագետն ասաց, թե «Հայաստանը այլ ծրագրերի շրջանակներում կապի մեջ է եղել իրենց հետ, սակայն թռչունների առողջության եւ ընդհանրապես թռչունների մասին որեւէ կոնկրետ հաղորդում Հայաստանի կառավարությունից չի ստացվել»:

«Անցյալ մի քանի ամիսների ընթացքում մեզ հաղորդագրություններ են հասել Թուրքիայի հարեւան երկրներում թռչունների բարձր անկման մասին: Որոշ դեպքերում դրանք բնութագրվել են իբրեւ թունավորում, որոշ դեպքերում՝ իբրեւ այլ վարակիչ հիվանդություններ: Բայց դա պետք է որակավորվի եւ հաստատվի ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության եւ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության լաբորատորիաներում», - ասաց նա:

Հայաստանի մի շարք գյուղերում գրանցվել են թռչունների անկման դեպքեր: Տեղական իշխանությունները ու նաեւ թռչնագրիպի դեմ պայքարի շտաբի պաշտոնյաները հավաստիացնում են բնակչությանը, որ Հայաստանում թռչնագրիպ չկա եւ իրենց այս եզրակացությունը հիմնավորում են նրանով, որ մահացած թռչունները լաբորատոր հետազոտության են ենթարկվել, ինչի արդյունքում թռչնագրիպի առկայությունը բացառվել է:

«Ասելը բավարար չէ, պետք է ապացուցել», - նշեց Խուան Լաբրոթը: - «Եթե ասում եք՝ թչռնագրիպ չկա, ապա պետք է ասել, թե ինչու են այդ թռչունները մահանում: Մենք կցանկանայինք սերտորեն համագործակցել Հայաստանի իշխանությունների հետ՝ օգնելու նրանց արժանահավատ կերպով ախտորոշել վարակը մեր լաբորատորիաների օգնությամբ: Մեզ հայտնի չեն թե ինչպիսի մակարդակ ու կարողություններ ունեն Հայաստանի լաբորատորիաները նման ախտորոշում կատարելու համար», - հայտարարեց ՄԱԿ-ի փորձագետը:

ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսական կազմակերպության փորձագետը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ առաջիկա մի քանի օրերին FAO-ն փորձագետներ է ուղարկելու Հայաստան, Վրաստան եւ Ուկրաինա՝ ստուգելու, թե արդյո՞ք այս լաբորատորիաները կարող են ճիշտ ախտորոշում կատարել:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG