Մատչելիության հղումներ

Հայաստանը կարող էր «ավելի մատչելի» սակագնով ստանալ ռուսաստանյան գազը


Ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերության ներկայացուցիչը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Հայաստան մատակարարվող գազի գինը կարող էր ավելի ցածր լինել, եթե ընդունվեին ռուսաստանյան կողմի առաջարկները:

«Գազպրոմ»-ի մամլո ծառայության արտասահմանյան լրատվամիջոցների հետ կապերի վարչության պետ Դենիս Իգնատեւը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ թեեւ «գազի սակագինը Հայաստանի համար շուկայական գին է», եւ այս դեպքում իրենք չեն ելել քաղաքական նկատառումներից, այդուհանդերձ, սակագինը ապրիլի 1-ից Հայաստանի համար կարող էր լինել ոչ թե 110 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց, այլ «Հայաստանի համար ավելի մատչելի» գին՝ եթե Հայաստանը ընդուներ ռուսաստանյան կողմի առաջարկները:

Խոսքը, ըստ Իգնատեւի, Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի (որը Ռուսաստանն առաջարկում է գնել), իրանական գազի (Ռուսաստանը ցանկանում է մասնակցել Իրան - Հայաստան գազատար խողովակաշարի շինարարությանը) մասին է, ինչպես նաեւ ռուսաստանյան վարկից հրաժարվելու մասին:

Ուրբաթ օրը վարչապետ Անդրանիկ Մարգարյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, որ ապրիլի 1-ից ուժի մեջ մտնելիք սակագինը [110 դոլար] դեռեւս վերջնական չէ, քանի դեռ հունվարի վերջին չեն հանդիպել Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները: Վարչապետը նաեւ վստահեցրել էր, որ սակագնի բարձրացումն ամբողջովին սովորական սպառողի հաշվին չի լինելու:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի առաջարկած վարկին, Անդրանիկ Մարգարյանը նույն հարցազրույցում ասել էր. - «Մենք Ռուսաստանից վարկ չենք վերցնի: Ուկրաինային առեւտրային վարկ են ուզում տալ: Մենք այդ ցանկությունը չունենք: Եթե ուզենք, կարող ենք շատ ավելի արտոնյալ պայմաններով արեւմուտքից կամ համաշխարհային կազմակերպություններից ստանալ այդ վարկը»:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG