Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 14-ը հունվարի)

Ի պատասխան «168 ժամ»-ի թղթակցի հարցին՝ չե՞ք կարծում, որ նախընտրական փուլում պայքարն ավելի շատ լինելու է ՀՀԿ-ի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միջեւ, վարչապետը, ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանը ասում է. - «Կես կամ մեկ տարում հզոր կուսակցություն չեն ստեղծում: Պարզապես այն կարող է հզոր միջոցներ ունենալ: Դրանք տարբեր բաներ են... Կարող է այդ կուսակցությունը տվյալ պահին ինչ-որ օպերատիվ խնդիր լուծելու համար, օրինակ՝ ԱԺ մտնելու համար, հսկայական միջոցներ ներդնի, քան մյուս կուսակցությունները, եւ ինչ-որ հաջողության հասնի: Բայց դա ամենեւին էլ ցույց չի տալիս այդ կուսակցության հզոր լինելը... Այդ կուսակցությունը ՀՀԿ-ին եւ մյուս կուսակցություններին մրցակից կլինի. բայց դա մեզ չի սարսափեցնում, որովհետեւ մենք միշտ էլ մրցակցել ենք եւ մեկ ուժի ավելի կամ պակաս լինելը մեզ չի վախեցնում»: Հարցին էլ, թե լուրեր կան, որ անձամբ ինքը եւ Սերժ Սարգսյանը առանձին-առանձին հանդիպել են Գագիկ Ծառուկյանին`հորդորելով չստեղծել այդ կուսակցությունը, քանի որ այն հիմնականում ՀՀԿ-ի ձայններն է տանելու, վարչապետը պատասխանում է. - «Գագիկ Ծառուկյանի հետ ես նորմալ, մտերիմ հարաբերություններ ունեմ ե’ւ որպես պատգամավոր, որն այս տարիների ընթացքում աջակցել է ՀՀԿ-ին եւ կոալիցիային, ե'ւ որպես անձ: Հանդիպումներ մինչեւ հիմա էլ տեղի են ունենում եւ քննարկվում է նաեւ այդ կուսակցության նպատակահարմարության հարցը: Բայց մենք նրան չենք հորդորել, թե՝ մի ստեղծեք, մեզ եք վնասում: Մեզ համար այն որոշակի դժվարություններ կստեղծի, բայց, իհարկե, դրանք հաղթահարելի են»: Անդրանիկ Մարգարյանը ընդգծում է. - «Գագիկ Ծառուկյանը միշտ էլ իշխանության կողքին է եղել եւ կշարունակի մնալ իշխանության կողքին: Նա չի կարող ընդդիմություն լինել»:

«Արդեն այսօր բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ քաղաքական նոր տարին կցրի հայկական քաղաքանակության եւ բարոյականության համատեղելիության պատրանքների վերջին պատառիկները եւ հասարակությանը վերջանականապես ցույց կտա, որ մեր երկրում քաղաքականության հիմնական գործիքը փողն է», - բանաձեւում է «Գոլոս Արմենիի»-ին: «Իսկ ի՞նչ ունի «Բարգավաճ Հայաստան»-ը: Փող, ըստ երեւույթին՝ շատ փող: Եվ վերջ», - արձագանքում է «Չորրորդ իշխանությունը»-ը, որի հայացքով, ըստ էության, փող ծախսելու երեք հիմնական ասպարեզ կա՝ ուղղակի ընտրակաշառքները, ընտրական հանձնաժողովների անդամներին «տեղը տեղին» կաշառելը եւ հասարակության մեջ քիչ թե շատ հեղինակություն ունեցող քաղաքական գործիչներին «առնելը»:

«ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը գտնվում է քաղաքական բոմժի կարգավիճակից 5 պակաս», - որակում է «Հայկական ժամանակ»-ը: - «Դալլաքյանը, որ տեսանելի անցյալում հանրապետական էր, իսկ ներկայումս ամենաթունդ ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի խորհրդարանական խմբակցության քարտուղարն է, մանրից դիրքավորվում է «Բարգավաճ Հայաստան» ակնհայտ իշխանամետ կամ, ավելի ճիշտ՝ քոչարյանամետ կուսակցության անդամ դառնալու համար»:

«Կարծում եմ, շատ լավ կլինի, որ Վիկտոր Դալլաքյանը այդ կուսակցության աշխատանքներին մասնակցի, որովհետեւ փորձառություն ունի: Համենայն դեպս, քաղաքական պրիոմը պիտի շատ ավելի հասկանալի դարձնել, որպեսզի ո’չ Վիկտոր Դալլաքյանը վարկաբեկվի, ո’չ էլ տվյալ կուսակցությունը», - «Առավոտ»-ի հարցազրույցում ասում է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ գնահատելով. - «Քաղաքական դաշտի թուլացման պայմաններում շատ հաճախ մանր-մունրերի կամ նոր կուսակցությունների ակտիվացումը եւ առաջացումը շատ բնորոշ է լինելու: Այս նոր՝ աժիոտաժ առաջացնող կուսակցությունը իր դրական դերակատարումը կունենա: Այն կկատարի ֆիլտրի դեր, բայց`կառուցվածքային տեսակետից եւ ոչ թե քաղաքական կամ գաղափարական»: «Ավելի մանրամասնեմ», - շարունակում է Սահակյանը: - «Եթե այս կուսակցության մեծ պաթոսը, հայտարարությունները չլինեն, մանր-մունր կուսակցություների առաջացումը ավելի կակտիվանա, որը կխանգարի ընդհանուր ընտրական գործընթացներին եւ ավելի կաղճատի քաղաքական դաշտը, որը բարիք չի բերի մեր պետությունը: Այս կուսակցությունը հզոր կլինի, բայց չեմ կարծում, որ այդ հզորությունը կարտահայտվի խորհրդարանում»:

«Որքան էլ տարօրինակ հնչի, այսօր Հայաստանում իշխանության համար պայքարող ամենաակտիվ սուբյեկտը Ռոբերտ Քոչարյանն է», - դիտարկում է «Հայկական ժամանակ»-ը: - «Ռոբերտ Քոչարյանը այն գործիչը չէ, որ բոլոր ձվերը դնի մեկ զամբյուղի մեջ: Նրան պետք են մի քանի տարբերակներ, եւ հենց այս համատեքստում պետք է դիտարկել գործարար Գագիկ Ծառուկյանի հովանու ներքո «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ակտիվացումը»: Թերթի մեկնաբանը կանխատեսում է. - «2007 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ սուպերլիազորություններով օժտված Ռոբերտ Քոչարյանը աշխատելու է «Բարգավաճ Հայաստան»-ի համար ապահովել հնարավորինս մեծ ներկայություն խորհրդարանում: Միջին հաջողության դեպքում ոչ ոք առանց Քոչարյանի չի կարող վարչապետ նշանակել... Կառավարության ձեւավորման ընթացքում Ռոբերտ Քոչարյան - «Բարգավաճ Հայաստան» դաշինքը իր համար կստեղծի նաեւ այնպիսի վիճակ, որ որեւէ մեկը առանց նրա ի վիճակի չլինի հաղթել նաեւ 2008 թվականի նախագահական
ընտրություններում»: «Կարճ ասած», - ի մի է բերում «Հայկական ժամանակ»-ը, - «այս ամենի իմաստն այն է, որ ով էլ նախագահ ընտրվի 2008-ին, իր ողջ պաշտոնավարության ընթացքում իր ետեւում անընդհատ զգա Ռոբերտ Քոչարյանի շունչը: Եթե իհարկե, 2008-ին ընտրվողը հենց Ռոբերտ Քոչարյանը չի լինելու»:

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատասենյակը կնքված է ՀՀ Սահմանադրական դատարանի կնիքով եւ ստորագրված նույն մարդու կողմից, որը երեկ ՍԴ-ի անունից Լարիսա Ալավերդյանին տեղեկացրել է, թե քննության չեն առնելու նրա դիմումը», - ընդգծված ներկայացնում է «Առավոտ»-ը: «Հայոց աշխարհ»-ն էլ «Կոնգրես» հյուրանոցում երեկ կազմակերպված քննարկումները մատուցում է հետեւյալ վերնագրի ներքո՝ «Մեքսիկական սերիալ. գլխավոր դերում նախկին օմբուդսմենը»:

«Հայաստանում արդեն հնարավորություն է ստեղծվել մարդկանց մոտ ախտորոշելու թռչնագրիպը», - տեղեկացնում է «Հայաստանի Հանրապետություն»-ը:

Վերլուծելով հայ-ռուսական հարաբերությունները, «Հայոց աշխարհ»-ի մեկնաբանը եզրահանգում է. - «Ռուսական գազի գների թանկացումը կարող է լինել այն վերջին կաթիլը, որը կստիպի Հայաստանին մտածել Ռուսաստանի հետ իր հարաբերություններում լուրջ շրջադարձ կատարելու մասին: Դրա համար մեր երկիրն ունի ե’ւ անհրաժեշտ կամք, ե’ւ հստակ հնարավորություններ»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG