Մատչելիության հղումներ

Զատուլինը հանդես է գալիս Հայաստան մատակարարվող գազի թանկացումը կոմպենսացնելու օգտին


Մեկնաբանելով Հայաստանին ռուսաստանյան գազի հազար խորանարդ մետրը 110 դոլարով մատակարարելու՝ Ռուսաստանի մտադրության շուրջ ստեղծված իրավիճակը, Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ գործերով եւ հայրենակիցների հետ կապերի հարցով կոմիտեի անդամ, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը կարծիք է հայտնել, թե Ռուսաստանը պետք է Հայաստանին կոմպենսացնի գազի թանկացումը:

«Ես սկզբունքային կողմնակից եմ, որ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները գնահատվեն համալիր ձեւով: Եվ եթե խոսենք տնտեսական տեսակետից, ապա «Գազպրոմ»-ի տնտեսական էգոիզմը, որը լիովին հիմնավորված էր Ուկրաինայի դեպքում, որը հրաժարվեց Ռուսաստանի հետ բարեկամական եւ գործընկերային հարաբերություններից, Հայաստանի դեպքում, որն այդ կապերը Ռուսաստանի հետ պահպանում է, արդարացված չէ: Գտնում եմ, որ գազի մատակարարման գների բարձրացմամբ այսօր Հայաստանին դժվար կացության մեջ դնելու անհրաժեշտությունը չկա», - «Ռեգնում» գործակալությանը ասել է Կոնստանտին Զատուլինը:

Նրա կարծիքով, Ռուսաստանը «պարզապես ենթարկվում է Վրաստանի նախագահ Սահակաշվիլու շանտաժին, ով հայտարարել է, որ եթե Վրաստանի համար գազի գինը բարձրանում է, ապա նրա կառավարությունը ուշադիր հետեւելու է՝ արդյո՞ք բարձրանում է սակագինը նաեւ Հայաստանի համար»:

«Կարծում եմ, որ Ռուսաստանը չպետք է արձագանքի Սահակաշվիլու սադրանքներին ու շանտաժին եւ դրանով ղեկավարվի իր քաղաքականությունն իրականացնելիս», - ավելացնել է Զատուլինը:

«Ի դեմս Հայաստանի մենք ունենք մի հին դաշնակից Անդրկովկասում, եւ եթե ինչ-ինչ պատճառներով հնարավոր չէ իջեցնել գազի գինը, ապա պետք է միջոցներ գտնել Հայաստանին այդ իրավիճակը փոխհատուցելու համար: Կարծում եմ, որ Պետդումայի պատգամավորները հավանություն կտան նման որոշմանը», - հայտարարել է Զատուլինը եւ ավելացրել. - «Միաժամանակ, ես դեմ եմ, որ գազի սակագնի հարցը կապվի Հայաստանի տարածքում տեղակայված ռազմակայանի համար Ռուսաստանից վարձ վերցնելու հետ: Ուկրաինան արդեն փորձեց գազի գնի հարցը կապել իր տարածքում ռուսաստանյան Սեւծովյան նավատորմի տեղակայման հետ, եւ Ռուսաստանը կտրականապես հրաժարվեց դրանից: Այդպես է պետք վարվել նաեւ Հայաստանի դեպքում»:

«Ինչ վերաբերում է ռուսական գազի մատակարարման գների հարցում զուտ տնտեսական մոտեցմանը, ապա գտնում եմ, որ պետք չէ բոլորի նկատմամբ միեւնույն մոտեցումը ցուցաբերել: Բելառուսի դեպքում մենք դա չենք անում, ուրեմն ինչո՞ւ պետք է այդպես վարվենք Հայաստանի հետ: Այս իրավիճակում ես «Գազպրոմ»-ի կողմնակիցը չեմ», - եզրափակել է Ռուսաստանի Պետդումայի պատգամավորը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG