Մատչելիության հղումներ

Վարդան Պողոսյան. «Նախագահը խախտել է Սահմանադրությունը»


Հունվարի 4-ին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի ստրոգրածրած հրամագրով ստեղծվել եւ արդեն գործում է մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կառավարումն իրականացնող ժամանակավոր հանձնաժողովը: Գործող Սահմանադրությամբ, Հայաստանի նախագահը որեւէ հանձնաժողով, թեկուզ ժամանակավոր ստեղծվելու մասին հրամագրեր տալու լիազորություններ չունի:

«Հրամանագիրը չի հակասում Սահմանադրությանը, որովհետեւ գործող Սահամանադրությունում չկա այնպիսի դրույթ, որին հակասի», - «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան հայտարարեց Հայաստանի նախագահի աշխատակազմում պետաիրավական վարչության պետ Արայիկ Թունյանը՝ պարզաբանելով, թե «ժամանակավոր հանձնաժողովը կարող է դիտվել նաեւ իբրեւ խորհրդակցական մարմին, որը ձեւավորելու լիազորություն նախագահը ունի»:

Այլ կարծիքի է սահամանադրական իրավունքի մասնագետ, «Ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության ղեկավար Վարդան Պողոսյանը. - «Սահմանադրությունը միաշնակ խախտվել է, որովհետեւ հանրապետության նախագահը նման կարգի հրամանագիր արձակելու իրավունք չուներ: Հրամանագիրը նա պետք է արձակեր օրենքով նախատեսված դեպքերում», -«Ազատություն» ռադիոկայանին ասաց Վարդան Պողոսյանը:

Նախագահի հրամանագրում նշված է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասը, որտեղ էլ հղում է արված նույն օրենքի երկու այլ հոդվածների, որոնք, ըստ Վարդան Պողոսյանի, «որեւէ առնչություն չունեն որեւէ հանձնաժողով ստեղծելու հետ, եւ նախագահի հրամանագրի համար որեւէ իրավական հիմք գոյություն չուներ»:

Հրամանագրում նշված հոդվածներից մեկը վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանի անձեռնմխելիությանը, ձերբակալությանը ու նրա բնակարանը խուզարկելու անհրաժեշտության պարագայում խորհրդարանից համաձայնությունուն ստանալուն: Իսկ մյուս հոդվածը վերաբերում է պաշտպանի լիազրությունների դադարեցմանը, եւ նաեւ նշված է. - «Մինչեւ նոր պաշտպան նշանակվելը պաշտպանի պարտականությունները կատարում է նրա տեղակալը»։ Այսինքն՝ որեւէ խոսք չկա ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին:

Ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանի կարծիքով նույնպես «Հայաստանի նախագահի հրամամանագիրը իրավական առումով հակասում է Սահմանադրությանը»:

«Կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ Ազգային Ժողովը դիմի Սահմանադրական դատարան՝ հրամանագրի սահմանադրականությունը որոշելու: Նաեւ չեմ թաքցնում, որ «Արդարություն» խմբակցությունը առաջադրելու է Լարիսա Ալավերդյանի թեկնածությունը», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Վիկտոր Դալլաքյանը եւ ավելացրեց. - «Կարծում եմ, որ հրամանագրի սահմանադրականության եւ Հայաստանի մարդու իրավունքների առաջադրման հետ կապված հարցերին մենք կանդրադառնանք, հավանաբար, հունվարի վերջերին»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG