Մատչելիության հղումներ

Հայաստանի տնտեսությունը՝ ցածր սղաճի տիրույթում


Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն 2005-ի արդյունքներով Հայաստանում 0,2 տոկոսի գնանկում է գրանցվել՝ ծրագրված 3 տոկոս գնաճի փոխարեն։ Ի տարբերություն ԱՊՀ երկրների մեծամասնության, որտեղ գներն աճում են երկնիշ թվերով, Հայաստանի տնտեսությունը շարունակում է գտնվել ցածր սղաճի տիրույթում։

2006 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրում Կենտրոնական բանկը այս երեւույթը բացատրել է նախատեսվածից ավելի բարձր տնտեսական աճով, ինչպես նաեւ գների աճի վրա դրամի արժեւորման զսպող ազդեցությամբ։ Ըստ Կենտրոնական բանկի, դրամի արժեւորումը ուղղակիորեն նվազեցրել է սպառողական զամբյուղում առկա ներմուծված ապրանքների գները։ Միեւնույն ժամանակ, գնաճի վրա զսպող ազդեցություն է թողել գյուղատնտեսական մթերքների ծրագրածից ավելի բարձր տեմպերով աճը։

Բնականաբար, այս ամենից շահել են դրամական եկամուտ ստացող քաղաքացիները եւ տեղական ներդրողները։ Կենտրոնական բանկը, դատելով արդեն հրապարակված ծրագրից, վերստին ակնկալում է տարեվերջին ունենալ երեք տոկոսանոց գների աճ. ընդ որում գլխավոր բանկը գնաճի կարգավորումը փորձելու է իրականացնել նոր մոտեցումներով՝ հենվելով տոկոսադրույքների վրա։ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանն համարում է, որ այդ դեպքում գների աճը ավելի կանխատեսելի կլինի շահագրգիռ բոլոր կողմերի համար:

«Դա նշանակում է, որ մենք դառնում ենք վերահսկելի եւ թափանցիկ մեր գործելակերպի մեջ: Ստեղծվում են բաց եւ թափանցիկ խաղի կանոններ, որի բոլոր մասնակիցները տիրապետում են այդ տեխնիկային, ինչը դարձնում է գնաճի սպասումները կառավարելի», - գտնում է Տիգրան Սարգսյանը:

Կենտրոնական բանկի կողմից գների աճը ամբողջովին կառավարելու հավակնությունները չեն կիսում որոշ փորձագիտական եւ բիզնեսի հետ կապված քաղաքական շրջանակներ։ Մասնավորապես, տնտեսագետփորձագետ Էդուարդ Աղաջանովը համոզված է, որ Կենտրոնական բանկը ի վիճակի է միայն մասնակի կառավարելության տիրույթում պահել գները.

«Կենտրոնական բանկը ի վիճակի է սղաճ թույլ չտալ միայն դրամական գործողններ օգտագործելով: Հայաստանի նման երկրներում սղաճի վրա մեծ ազդեցություն ունեն ոչ մոնետար գործոնները», - նշում է փորձագետը:

Ազգային ժողովի ՄԱԿ խմբակցության անդամ, պատգամավոր Գրիգոր Ղոնջեյանի կարծիքով, Կենտրոնական բանկի մասին օրենքը այդ կառույցին երկրում գների կայունություն ապահովելու գործառույթ է վերագրել: Պատգամավորի խոսքերով, օրենքը պետք է վերանայվի կամ էլ գնաճի կարգավորման վերաբերյալ բոլորովին նոր օրենք ընդունվի, որով գնաճի համար պատասխանատվությունը իրեն վերագրված լիազորությունների շրջանակներում Կենտրոնական բանկի հետ կիսի նաեւ կառավարությունը:

«Կենտրոնական բանկի գերակա խնդիրը, որը շարադրված է որպես գների կայունության ապահովման գործառույթ, իր մեջ մառախուղի բավականին մեծ տեսակարար կշիռ է պարունակում, եւ որեւէ տեղ նկարագրված չէ՝ ի՞նչ ասել է գների կայունություն», - վրդովվում է Ղոնջեյանը:

Այդուհանդերձ, Կենտրոնական բանկը շարունակում է գերապատվությանը տալ սղաճի կարգավորմանը, իսկ մնացած խնդիրները, ասենք, փոխարժեքի կարգավորումը, դիտարկել ածանցյալ-երկրորդական նպատակ, հատկապես, երբ սպառնալիքները բխում են արտարժույթի շուկայից։

Հատկապես այնպիսի երկրում, ինչպիսին Հայաստանն է, դրսից կատարվող արտարժութային փոխանցումները լուրջ սպառնալիք են դրամական շուկայի կայունությանը։ Հետաքրքիր է, որ Կենտրոնական բանկը դրամավարկային քաղաքականության ծրագրով դրսից արվող մասնավոր արտարժութային փոխանցումների հետագա կրճատում է կանխատեսում։ Հիշյալ ծրագրի կանխատեսումներով այս տարվա վերջի դրությամբ դրսից արված մասնավոր դրամական փոխանցումների ընդհանուր գումարը կգերազանցի 2005-ի մակարդակը ընդամենը 12,5 տոկոսով։

2005 թվականին դրանք կազմեցին մոտավորապես մեկ միլիարդ դոլար, նախորդ տարվա համեմատ աճելով շուրջ 33,5 տոկոսով, այնինչ, 2004ին 2003-ի համեմատ դրանք գրեթե կրկնապատկվել էին։ Հետաքրքիր է, որ բանկի մասնագետները ուղղակի կապ են տեսնում Ռուսաստանից Հայաստան կատարվող մասնավոր դոլարային փոխանցումների կրճատման եւ նավթի գների հնարավոր աճի միջեւ։

Կենտրոնական բանկի գնահատումներով, այս տարվա ընթացքում գների աճի ծրագրված սցենարը կարող է խախտվել դրսից ներմուծվող էներգակիրների՝ բենզինի եւ բնական գազի գների շոշափելի աճի հետեւանքով։ Բենզինի գների աճը պայմանավորված է միջազգային շուկայում նավթի գների հնարավոր աճով, այնինչ, բնական գազի թանկացումը Ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավարության քաղաքականության փոփոխման հետեւանք է։

Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG