Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ի Ղարաբաղի հարցով հանձնաժողովի նիստ՝ Փարիզում


Փարիզում այսօր կայանալու է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Լեռնային Ղարաբաղի հարցով ժամանակավոր հանձնաժողովի նիստ, որտեղ նախագահող լորդ Ռասել Ջոնսթոնը ներկայացնելու է այն զեկույցը, որը նախատեսված էր 2005 թվականի հունվարին ընդունված թիվ 1416 բանաձեւի 5-րդ կետի համաձայն:

«5-րդ կետում նշվում է, որ մեկ տարվա ընթացքում պետք է զեկույց ներկայացվի, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրները, որոնք միաժամանակ Եվրախորհրդի անդամներ են, ի՞նչ են արել այս մեկ տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ուղղությամբ», - «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց ԵԽԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար, Ազգային Ժողովի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը:

Թորոսյանի խոսքերով, սա սովորական զեկույց չէ՝ ինչպես Խորհրդարանական վեհաժողովում ներկայացվում է: Բանաձեւի կամ առաջարկությունների նախագիծ, ըստ նրա, չի լինելու, զեկույցը չի անցնելու սովորական ընթացակարգ եւ չի դառնալու Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի փաստաթուղթ:

Ինչ վերաբերում է զեկույցի բովանդակությանը, ապա Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավարի խոսքերով, ներկայացվում են այն փաստերը, որոնք ներկայացվեցին Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Լեռնային Ղարաբաղի հարցով ժամանակավոր հանձնաժողովի սեպտեմբերյան նիստում, որին մասնակցեցին նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

«Շրջանակը սա է, նոր բան չի լինելու: Այս նիստի կարեւորությունը մեկն է՝ հանձնաժողովը պետք է վերջնականորեն ձեւավորի իր տեսակետը հանձնաժողովի ճակատագրի եւ Լեռնային Ղարաբաղի խնդիրի հետ կապված հետագա քայլերի շուրջ», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Տիգրան Թորոսյանը եւ ավելացրեց, - «Քանի որ այդ զեկույցի հիման վրա առաջիկայում վեհաժողովի որեւէ փաստաթուղթ չի ընդունվելու, ապա զեկույցը չունի այն նշանակությունը, ինչ կարող էր ունենալ սովորական ընթացակարգ ունեցող եւ բանաձեւի եւ առաջարկությունների ընդունում ենթադրող որեւէ այլ զեկույց»:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG