Մատչելիության հղումներ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կկառավարի ժամանակավոր հանձնաժողովը


Ինչպես հաղորդում է Հայաստանի նախագահի մամլո գրասենյակը, նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մարդու իրավունքների առաջին պաշտպանի՝ Լարիսա Ալավերդյանի պաշտոնավարման ժամկետը լրանալու կապակցությամբ այսօր հրամանագիր է ստորագրել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կառավարումն իրականացնող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին:

Հանձնաժողովը կգործի մինչեւ Սահմանադրությամբ նախատեսված կարգով Ազգային ժողովի կողմից Մարդու իրավունքների նոր պաշտպանի ընտրությունը:

Հանձնաժողովում ընդգրկված են ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մարտին Զաքարյանը, ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար Նունե Խաչատրյանը:

Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնավարության ժամկետը լրանում է Սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելուց 30 օր հետո, այսինքն վաղը` հունվարի 5-ին, սակայն օրենքով նախատեսված չէ, թե ինչպես է կարգավորվում փոխարինման հարցը մինչեւ նոր պաշտպանի նշանակումը:

Դեկտեմբերի 26-ին Լարիսա Ալավերդյանը նամակ էր հղել Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանին՝ առաջարկելով երկարաձգել իր լիազորությունները մինչեւ նոր օմբուդսմանի նշանակումը, սակայն խորհրդարանի լրատվական ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել էին, որ Ազգային ժողովի խոսնակը չի պատրաստվում պատասխանել նամակին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG