Մատչելիության հղումներ

Վիկտոր Սողոմոնյան. «Հայաստանում մամուլի եւ խոսքի ազատության որեւէ խնդիր չունենք»


Հայաստանի նախագահի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի կարծիքով, 2005 թվականին խոսքի ազատությունը Հայաստանում «խնդիրներ չի ունեցել»:

«Վստահաբար, ազատ խոսք Հայաստանում կար: Կարծում եմ, որ այդ իմաստով Հայաստանում արդեն բավական երկար ժամանակ կասկածի տեղ ընդհանրապես չկա», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայաստանի նախագահի խոսնակը:

Վիկտոր Սողոմոնյանը նշեց, թե ե'ւ նախկինում՝ որպես Հայաստանի քաղաքականությամբ հետաքրքրվող քաղաքացի, ե'ւ ներկայումս՝ ի պաշտոնե, ամեն օր ընթերցում է մամուլը եւ չի տեսել, որ թերթերն իրենց կաշկանդված զգան, մտածեն, թե այս կամ այն նյութը տպագրելուց հետո կարող են ինչ-որ հետեւանքներ լինել. - «Միանշանակ համոզված եմ, որ այդ իմաստով խոսելու նոր առիթ չունենք»:

Նախագահի խոսնակը համոզված է, որ, մի կողմից, լրագրողների եւ խմբագիրների պրոֆեսիոնալ մակարդակը դեռեւս բարձրացման կարիք ունի, մյուս կողմից՝ իշխանություն-լրատվամիջոցներ փոխհարաբերությունները պետք է էլ ավելի զարգանան եւ հասնեն նոր մակարդակի:

«Այսօր մամուլը փորձում է ինչ-որ բան կորզել՝ հետագայում ինչ-որ նյութ տպագրելու համար, իսկ մամուլի պատասխանատուները, ցավոք, փորձում են ինչ-որ բան թաքցնել՝ ինչ-որ բան չասելու համար: Իհարկե, խոսքս ոչ բոլորի մասին է», - նշեց Վիկտոր Սողոմոնյանը եւ ավելացրեց. - «Կարծում եմ, որ այդ երկխոսությունը պետք է ավելի պարզ լինի, հարցերը պետք է ավելի հաճախ լինեն, պատասխանները՝ ավելի հստակ»:

Ինչ վերաբերում է Հայաստանի հեռուստաընկերությունների ազատությանը, ըստ նախագահի մամուլի քարտուղարի, ինքը առիթ չունի խոսելու, թե դրանք ազատ չեն: Սողոմոնյանի խոսքերով, ինքը ծանոթ է խնդրի շուրջ մամուլի հրապարակումներին եւ եզրակացություններին, սակայն խորապես համոզված է, որ դրանք սուբյեկտիվ կարծիքներ են:

«Ամփոփելով թեման, վստահաբար կարող եմ ասել, որ մենք Հայաստանում մամուլի եւ խոսքի ազատության որեւէ խնդիր չունենք», - հայտարարեց նախագահի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG