Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Գազպրոմ»-ի գնային գրոհը այն բանի վկայությունն է, որ հետխորհրդային պատմության առաջին դարաշրջանն ավարտվեց... ԱՊՀ երկրների փոխհարաբերությունների հիմքում այդ դարաշրջանում ընկած էր սահմանափակ անկախության հայեցակարգը», - ձեւակերպում է «Հայոց աշխարհ»-ը: - «Այսօրվա դրությամբ Ռուսաստանը նոր գներն իր «նախկիններին» հրամցնում է` ելնելով այն բանից, թե ով ինչ աստիճան է իրեն բարկացրել»: Ըստ մեկնաբանի, բոլոր ճակատներով Ռուսաստանի «գազային գրոհը նշանակում է, որ փոխվում է ոչ միայն ռուսաստանյան արտաքին քաղաքականությունը, այլեւ դրա իրականացման համար պատասխանատու մարմինները: Մինչեւ օրս ԱՊՀ երկրների հետ Ռուսաստանի փոխհարաբերությունների սխեման մշակվում էր Պուտինի վարչակազմում, իսկ Կրեմլի կամքը կատարողը արտգործնախարարությունն էր: Իսկ ներկայումս, ինչպես վկայում է իրադարձությունների զարգացումը, արտգործնախարարության տեղը զբաղեցնում է «Գազպրոմ»-ը»:

«Ազգ»-ում ամփոփված է. - «Տարվա վերջում բոլորովին բացահայտ դարձավ, որ մեր ընդդիմությունն անդամալույծ է, կաղում է երկու ոտքից, իսկ գլուխը չի աշխատում: Ուղեղազուրկ այդ վիճակից օգտվեց, բնականաբար, իշխանությունը, որի օգուտը ոչինչ չարժի սակայն, քանի որ կորցնում է ժողովրդին՝ պետականության իսկական կրողին: Եվ քանի որ քաղաքական կյանքը վակուում չի հանդուրժում, տարվա վերջում բուսնեցին նոր կուսակցություններ, պատրաստվում են ծլել ուրիշներ՝ այդպես վարկաբեկելով կուսակցականության գաղափարը: Բայց մեծ խաղացողին երեւի դուր է գալիս այդ վիճակը, որը հնավորություն է տալիս մասնատել, վերախմբավորել, վերադասավորել յուրայիններին եւ հակառակորդներին»:

«Անցնող տարին մեր նավը նավարկության համար ավելի պիտանի դարձրեց», - գրում է «Հայաստանի Հանրապետություն»-ը: - «Տարվա չափաբաժին փորձաշրջանը ցույց է տալիս, որ առաջ նավարկելն անհրաժեշտություն է, ճանապարհը` կանխատեսելի: Եվ մինչեւ աքլորն իր ծուղրուղուով ազդարարում էր հերթական կանգառների ժամերն ու պահերը, շունը գալիս է ասելու, որ հավատարիմ մնանք բռնած ճանապարհին»:

Ըստ «Հայոց աշխարհ»-ի, 2005 թվականը «Հայաստանի ներքաղաքական կյանքում կմնա որպես լուրջ հաջողությունների եւ միաժամանակ տեղի ունեցող դրական փոփոխությունների հանդեպ հասարակության եւ քաղաքական ուժերի հակասական խիստ բեւեռացված դիրքորոշումների տարի: Արդեն տարեսկզբին սահմանադրական բարեփոխումների շուրջ ծավալված անառողջ քաղաքական խաղերը ցույց տվեցին, որ մեր երկրի առջեւ բացվող առաջընթացի հնարավորությունները ոմանք փորձում են օգտագործել 2003-ի նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից մնացած հին հաշիվները վերաբացելու եւ անգամ ռեւանշի հասնելու նպատակով»: «Սակայն ընդդիմադիր դաշտում 2005-ի գարնանից սկիզբ առավ ոչ թե հեղափոխության իրականացման համար անհրաժեշտ ուժերի համախմբում, այլ հետագա կոտորակում ու թուլացում: Հակառակ դրան», - ներկայացնում է թերթը, - «երկիրն ապրում էր ոչ միայն սովորական կյանքով, այլեւ պատշաճորեն նշում էր Մեծ եղեռնի 90-րդ տարելիցը, կազմակերպում «միասնության շուրջպար» Արագածի լանջերին»: Թերթի ամփոփմամբ՝ համապետական ու համազգային խնդիրը իշխանափոխության առիթ դարձնելու՝ ընդդիմության ձախողված փորձը հանգեցրեց նրան, որ «վերջինս անպտուղ ձեւով վատնեց քաղաքական դաշտում իր ունեցած ողջ կապիտալը եւ ուժասպառ եղավ». - «Նման պայմաններում 2006-ին սպասվող վերադասավորումների հետեւանքով ասպարեզում առկա ընդդիմությունը կանգնելու է նաեւ ընդդիմադիր դաշտից դուրս մղվելու վտանգի առջեւ»:

«Անշուշտ, անցնող տարվա ներքաղաքական ամենամեծ իրադարձությունը սահմանադրական փոփոխությունների գործընթացն էր», - արձանագրում է «Հայաստանի Հանրապետություն»-ը: - «PR մասնագետների համոզմամբ, ընդդիմությունը կարող էր հրաշալիորեն օգտագործել սահմանադրական առիթը` նախագծի բարելավումը հայտարարելով սեփական ջանքերի արդյունք: Սակայն այլեւս արձանագրված է, որ սահմանադրական բարեփոխումը իշխանությունների հաջողությունն է եւ դրանով են ընտրությունների գնալու առնվազն 4 խորհրդարանական կուսակցություններ»: Ըստ թերթի, քաղաքական դաշտում «իրատեսական գիծն ավելի ու ավելի հրապուրիչ է դառնում, եւ մեր ռոմատիկ հեղափոխականները եկող տարի ստիպված կլինեն հաշիվ տալ իրենց, թե երբ եւ ումով են անելու»:

«Հայ կնոջ կյանքն այս տարի էլ նույն ձեւով ընթացավ», - ուրվագծում է «Ազգ»-ը: - «Սիրո ցույցեր հարսանիքներում, բարգավաճում՝ խոհանոցում, պատնեշ՝ քաղաքական կյանքում: Վերջինի փայլուն ապացույցը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն էին. ոչ մի կին քաղաքապետ Հայաստանում»:

Նոր տարվա նախօրյակին «Ազգ»-ը մայրաքաղաքում թռուցիկ հարցում է անցկացրել տարբեր խավերի մարդկանց շրջանում. - «50 հարցվածների մեծ մասը կարծում է, որ 100 հազար դրամով ամենահամեստ սեղան կարելի է գցել, իսկ մոտավորապես 25 տոկոսը գտնում է, որ կարգին, տեղը-տեղին սեղանի, նաեւ նվերների համար անհրաժեշտ է 800 հազարից մինչեւ 3 միլիոն դրամ եւ ավելին…Ամենաչքավոր 10 տոկոսը ստիպված 7-15 հազար դրամ թոշակով մի կտոր հացով, խաշած կարտոֆիլով ու թթու կաղամբով կդիմավորի գալիք Շան տարին»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG