Մատչելիության հղումներ

Խորհրդարանը չի երկարացնի Մարդու իրավունքների պաշտպանի լիազորության ժամկետը


Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնավարության ժամկետը լրանում է Սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելուց 30 օր հետո, այսինքն՝հունվարի 5-ին, սակայն օրենքով նախատեսված չէ, թե ինչպես է կարգավորվում փոխարինման հարցը մինչեւ նոր պաշտպանի նշանակումը:

«Սահմանված է օրենքով, որ պաշտպանին նշանակում է Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների 3/5-րդից ավելիով՝ հանրապետության նախագահի եւ Ազգային ժողովի պատգամավորների առնվազն 1/5-րդի կողմից առաջարկված թեկնածուներից», - երեքշաբթի օրը պարզաբանեց Ազգային ժողովի պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը: - «Մինչդեռ Սահմանադրության 55-րդ հոդվածում հանրապետության նախագային նման իրավունք չի տրվում: Այս կապակցությամբ անհրաժեշտ է հրատապ փոփոխություն կատարել ինչպես «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքում, այնպես էլ նրան առաջադրելու կարգին վերաբերող կանոնակարգ օրենքի հոդվածներում»:

Երեկ Լարիսա Ալավերդյանը նամակ էր հղել Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանին՝ առաջարկելով երկարաձգել իր լիազորությունները մինչեւ նոր օմբուդսմանի նշանակումը: Սակայն խորհրդարանի լրատվական ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանին այսօր փոխանցեցին, որ Ազգային ժողովի խոսնակը չի պատրաստվում պատասխանել նամակին:

Արթուր Բաղդասարյանի դիրքորոշումը պաշտպանում է Ազգային ժողովում Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

«Ես չեմ ուզում այդտեղ լարվածություն առաջանա: Աշխատակազմը [Մարդու իրավունքների պաշտպանի] կաշխատի: Մի ամիսը այդքան էլ մեծ բան չի համբերելու համար», - փաստարկեց նա:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG