Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«2005-ին երկու «զանգվածային միջոցառումներ» կազմակերպվեցին՝ միասնական շուրջպարն ու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Ընդ որում, այս երկու միջոցառումներն էլ ըստ էության նույն նպատակն ունեին եւ կազմակերպվեցին նույն մեխանիզմներով: Երկուսի նպատակն էլ նույն էր՝ ցույց տալ, թե որքան միասնական է մեր ժողովուրդը, որքան է վստահում իշխանություններին, որքան երջանիկ է, որ ապրում է ազատ, անկախ Հայաստանում», - հեգնում-ամփոփում է «168 ժամ»-ը:

«2005-ը, որը Աքաղաղի տարի էր, Հայաստանի ներքաղաքական դաշտում իրոք աչքի ընկավ տարբեր տեսակի աքլորակռիվներով, որոնք, սակայն, համակարգային որեւէ փոփոխության այդպես էլ չհանգեցրեցին», - իր հերթին ամփոփում է «Իրավունք»-ը՝ արձանագրելով. - «Դրանց մասնակիցները պարզապես տարվա ավարտին մոտեցան տարբեր աստիճանի կորուստներով, այսինքն՝ այս կամ այն չափի փետրահան եղած»:

«Քաղաքական դաշտը մեծ փոփոխություններից առաջ» վերնագրի ներքո «Ազգ»-ը մատուցում է. - «Կարծես իրականություն է դառնում շատ ավելի վաղ քաղաքական փորձագետների արած այն կանխատեսումը, որ կարող է իշխանական շրջանակների կողմից ընդդիմության նոր ձեւաչափ ձեւավորվել, քանի որ ներկա ընդդիմությունը փաստորեն հանրության պատվերին եւ նպատակներին ի վիճակի չէ արձագանքել»:

ՀՀ նախագահի եւ գործարարների երեկվա հանդիպումից «Հայաստանի Հանրապետություն»-ում մեջբերված են նաեւ կոալիցիային վերաբերող Ռոբերտ Քոչարյանի խոսքերը. - «Կոալիցիան, այսպես ասած՝ քաղաքական պայմանագիր է 4 սուբյեկտի միջեւ՝ 3 կուսակցության եւ նախագահի, եւ դա պայմանագիր է 4 տարվա համար: Հետո կարող են լինել տարբեր մոդիֆիկացիաներ, բայց մինչեւ 2007 թվականի մայիսը մենք պարտավորություն եւ պատասխանատվություն ունենք միմյանց եւ ժողովրդի հանդեպ»:

«Հայոց աշխարհ»-ում անդրադառնալով 2006-ին կոալիցիայի տրոհման կանխատեսումներին, Ազգային ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը նկատում է. - «Չեմ կարծում, որ կոալիցիայի մասնատում տեղի կունենա, որովհետու տարվա ընթացքում լուրջ անելիքներ կան»:

Նույն թերթում Շավարշ Քոչարյանը բնորոշում է. - «2006-ը շատ հետաքրքիր տարի է լինելու: Չեն բացառվում այսօր ամենաանհավանական թվացող ալյանսերը, նաեւ այն, որ այսօրվա իշխանության կուսակցություններից կարող են հայտնվել նաեւ ընդդիմադիր դաշտում»:

««Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի համոզմամբ, իշխանական եւ ընդդիմադիր ճամբարներում վերաձեւումներն արդեն իսկ սկսվել են», - գրում է «168 ժամ»-ը՝ փոխանցելով նաեւ Սարգսյանի խոսքերը, թե «այժմ շատ հետաքրքիր բանակցային գործընթացներ են տեղի ունենում թե’ իշխանական, թե’ ընդդիմադիր կուսակցությունների միջեւ»:

«Հայաստանը նոր` 2006 թվական է մտնում կայունության պայմաններում, եւ ոչ միայն իշխանությունը, քաղաքական դասի մեծամասնությունը, այլ նաեւ հասարակությունը ցանկանում են պահպանել այդ կայունությունը, սակայն տեւական կայունություն հուսալը հայոց աշխարհում՝ նույնն է, թե հուսալ, որ ժանգոտված ջրատար խողովակը չի պայթի», - գրում է «Հայոց աշխարհ»-ը՝ ներքաղաքական իրավիճակի կտրուկ սրում կանխատեսելով 2006 թվականի վերջին: - «Եվ ոչ թե այն պատճառով, որ 2007 թվականի գարնանը տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, եւ ընդդիմությունը հերթական անգամ կփորձի վերածել դրանք հեղափոխության: Ոչ», - միանշանակ պնդում է մեկնաբանը: - «Պարզապես այդ ժամանակ Հայաստանում կսկսի իրեն զգացնել տալ հեռացող նախագահի գործոնը... Մեզանում շատ բան կախված կլինի հենց նախագահից: Բոլոր հանգամանքները խոսում են այն մասին, որ երկրի համար լավագույն տարբերակը կլիներ այսօր վարվող քաղաքականության հստակ շարունակության պահպանումը»:

«Արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ ամեն գիշեր նախագահական նստավայրի դիմաց եւ ետնամասում հայտնվում են զինվորականներով լի բեռնատարներ: Զինվորները մինչեւ լույս հսկում են նախագահի նստավայրը», - փաստում է «Չորրորդ իշխանություն»-ը՝ գտնելով. - «Վախի բնույթն ինքնին բավականին տարօրինակ է, քանի որ Քոչարյանը գիշերները աշխատավայրում չի անցկացնում: Ամենայն հավանականությամբ, նա վախենում է, թե չլինի, հանկարծ իր բացակայության ժամանակ ինչ-որ մեկը մտնի շենք եւ նստի իր աթոռին»:

«Արդյո՞ք 2006-ին ընդդիմությունը կկարողանա կյանքի կոչել իշխանափոխություն իրականացնելու իր ծրագիրը» հարցի պատասխանում «Հայկական ժամանակ»-ը դիմել է չինական աստղացույցի օգնությանը. - «Հայ ժողովուրդը պետական իշխանության փոփոխության մի քանի դեպքեր է տեսել Շան տարում. մասնավորապես 374 թվականին սպանվել է հայոց Պապ թագավորը, որից հետո թագավոր է դարձել Վարազդատը: 422-ին հայոց արքա է հռչակվել Արտաշես Երրորդը: 890 թվականին էլ Բագրատունի Սմբատ Առաջինը հայկական գահին փոխարինել է Աշոտ Առաջինին: Շան տարում իշխանության փոփոխություն է տեղի ունեցել նաեւ Կիլիկյան Հայաստանում. 1226 թվականին գահ է բարձրացել Հեթում Առաջինը»: «Իհարկե նշված փոփոխություններից մի մասը էվոլյուցիոն է, մյուս մասը ռեւոլյուցիոն, եւ այստեղ որոշակի եզրակացություններ անել չի կարելի», - շարունակում է թերթի ուսումնասիրողը՝ ամփոփելով. - «Մյուս կողմից էլ, հայոց պատմության մեջ ավելի շատ Շան տարիներ անցել են առանց իշխանափոխությունների: Այնպես որ, աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG