Մատչելիության հղումներ

«Ադրբեջանցի պատմաբանները կատարում են երկրի նախագահի քաղաքական պատվերը»


Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում երեքշաբթի օրը ակադեմիայի եւ Երեւանի պետական համալսարանի պատմաբաններն ու հայագետները քննարկեցին Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի 60-ամյակին նվիրված նիստում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ելույթում պատմական փաստերը աղավաղող, հակահայկական կոչերը եւ ընդունեցին համապատասխան հայտարարություն:

Ալիեւն իր այդ ելույթում հանձնարարել է ադրբեջանցի պատմաբաններին միավորել իրենց ուժերն ու պատմական փաստեր հավաքել՝ ապացուցելու, որ Արցախի տարածքում հայերը եկվոր են եւ հայտնվել են միայն 19-րդ դարի երկրորդ կեսից հետո:

Քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Հայկ Քոթանջյանը արտառոց է համարում, երբ երկրի առաջին դեմքը պատմական խեղաթյուրումների հրապարակային քաղաքական պատվեր է անում:

«Նման քաղաքական պատվերի միջոցով հարեւան երկրի նախագահը շարունակում է խորհրդային տարիներից ադրբեջանական իշխանությունների, մասնավորապես իր հոր՝ Հեյդար Ալիեւի որդեգրած հայտնի քաղաքականությունը», - նշված է այսօր ակադեմիայում հայ գիտնականների ընդունած հատարարության մեջ, որն ուղարկվելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների ղեկավարների եւ համանախագահներին:

Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը իր ելույթում պատահական չհամարեց, որ Ալիեւի ելույթը համընկել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցին Բաքու:

«Կան որոշ ենթադրություններ, որ Մինսկի խմբի համանախագահները պատրաստում են մի նախագիծ բանակցային գործընթացի այս փուլում, որի իմաստն այն է, որ, կողմերի փոխզիջման պատրաստականության պայմաններում, մեջտեղ բերել հանրաքվեի գաղափարը Լեռնային Ղարաբաղի շրջանակներում: Տվյալ դեպքում հայերը, իբրեւ «եկվորներ», որեւէ հանրաքվեի իրավունք այս կապակցությամբ չունեն», - պարզաբանեց Մելքոնյանը:

Իսկ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Հովհաննիսյանը նշեց, որ մեզանում «մի մեծ բացթողում կա». ադրբեջանցիները վաղուց՝ դեռ խորհրդային տարիներից, Զիա Բունիաթովի գլխավորությամբ հակահայկական դպրոց են հիմնադրել, իսկ մեզանում ադրբեջանական պատմության որեւէ մասնագետ չկա:

«Սա մեր սխալն է», - հայտարարեց Հովհաննիսյանը: - «Մենք փորձել ենք այս տարի ընդունել մի նոր ասպիրանտ, եւ իբր դա համարում ենք մեծագույն նվաճում: Մենք պետք է տեսնենք տարբերությունը. տեսեք՝ Ալիեւը ինչպես է վերաբերում իրենց գիտությանը եւ տեսեք, թե Հայաստանում վերջերս ինչպես են վերաբերում հայոց գիտությանը...»:

Հնագիտության ինստիտուտի տնօրեն Արամ Քալանթարյանի խոսքերով էլ, կան պատմական, մշակութային, հնագիտական անառարկելի փաստեր՝ խաչքարեր, եկեղեցիներ ու վանքեր ամենատարբեր ժամանակների հայերեն արձանագրություններով, որոնք ամենախոսուն փաստերն են հայերի բնիկ լինելու, եւ որոնք չեն կարող կեղծվել, բայց կարող են ոչնչացվել, ինչպես անում են ադրբեջանցիները: Իսկ գուցե բոլորովին պատահական չէ, որ հատկապես Ալիեւի կոչերից հետո վերջին օրերին մեծ թափ առավ Նախիջեւանում Հին Ջուղայի խաչքարերի ոչնչացումը ադրբեջանցիների կողմից:

«Զարմանալին այն է, որ մենք անընդհատ արձագանքողի դերում ենք», - ասաց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Հայկ Ավետիսյանը: - «Ես կարծում եմ, որ պետությանը, մեր կառավարությանը, Ազգային ժողովին մենք պիտի խնդրենք, կամ ուղղակի պահանջենք, որպեսզի նրանք պետական մոտեցում ցույց տան հայագիտությանը, հայ ժողովրդի պատմությանը»:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG