Մատչելիության հղումներ

Նոր մեղադրանք՝ Հրանտ Դինկին


Թուրքիայի դատարանը նախկինում կայացրած դատավճռի վերաբերյալ մեկնաբանությունների համար կիրակի օրը նոր գործ է հարուցել Ստամբուլի «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինկի նկատմամբ:

«Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ, Դինկի եւ «Ակոս» թերթի 3 լրագրողների նկատմամբ նոր գործ է հարուցվել Թուրքիայի Իրավաբանների միություն ընկերակցության հայցի հիման վրա, ըստ որի լրագրողները «փորձել են ազդել դատական ատյանների վրա»:

Հոկտեմբերին Հրանտ Դինկը «թուրքերի ազգային ինքնությունը վիրավորելու» մեղադրանքով դատապարտվել էր 6 ամիս ազատազրկման՝ Թուրքիայի բարեփոխված Քրեական օրենսգրքի 301 հոդվածի քննադատության համար: Ըստ դատավճռի, «հայազգի լրագրողը չի ազատազրկվի, եթե չկրկնի արածը»:
«Ակոս»-ի գլխավոր խմբագիրը վճիռը բողոքարկել էր Թուրքիայի Գերագույն դատարանում:

Այս նոր մեղադրանքի հաստատման դեպքում Հրանտ Դինկը եւ «Ակոս»-ի 3 լրագրողները կարող են դատապարտվել 9-ը ամսից մինչեւ 4,5 տարվա ազատազրկման:

Թուրքական լրատվական գործակալություններից մեկին Հրանտ Դինկը ասել է, որ «հոկտեմբերին կայացրած դատավճիռը իր իրավունքն, եւ եթե Գերագույն դատարանը հաստատի այդ վճիռը, ապա ինքը դիմելու է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան»:

Անցած տարեսկզբին տպագրված հոդվածում Դինկը դիմել էր հայերին՝ հորդորելով նրանց «հրաժարվել թուրքերի հանդեպ թշնամությունից, որը թունավորում է ձեր արյունը»: «Ակոս»-ի խմբագիր Կարին Կարաքաշլին «Ազատություն» ռադիոկայանին կարծիք էր հայտնել, թե դատարանը համատեքստից դուրս էր մեկնաբանել այս բառերը՝ եզրակացնելով, թե թուրքական արյունը, Դինկի կարծիքով, թունավոր է:

Թուրքիայի բարեփոխված Քրեական օրենսգրքի 301 հոդվածով մեղադրանք է ներկայացվել նաեւ աշխարհահռչակ թուրք գրող եւ հրապարակախոս Օրհան Փամուկին: Փամուկի դեմ գործ հարուցելու պահանջով հանդես էր եկել նույն Իրավաբանների միություն ընկերակցությունը:

Անգամ թուրք վելուծաբաններն ու լրագրողներն են փաստում, որ այս դատավարությունը շատ ավելի մեծ հարված է հասցրել Թուրքիայի միջազգային վարկին, քան շվեյցարական թերթում Փամուկի արած հայտարարությունները՝ մեկ միլիոն հայերի ցեղասպանության ու քրդերի կոտորածի մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG