Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ինչպիսի՞ վերաձեւումներ կլինեն 2006-ին». - «Առավոտ»-ի այս հարցին Վիկտոր Դալլաքյանը պատասխանում է. - «Օրինաց երկիր»-ը կգնա առանձին, առանձին կգնա նաեւ Հանրապետականը, հնարավոր է Դաշնակցությունը փորձի համագործակցել Հանրապետականի հետ: Ես նաեւ չեմ բացառում Դաշնակցություն - Սամվել Բաբայան համագործակցությունը... Արտաշես Գեղամյանը, որպես լուրջ քաղաքական կառույցի ղեկավար, թերեւս ընտրություններին առանձին կմասնակցի, ենթադրում եմ, որ առանձին կմասնակցի նաեւ «Ժառանգությունը»: Նախընտրական գործընթացներում քայլեր կարող է իրականացնել նաեւ Տիգրան Կարապետյանի կուսակցությունը: Կարծում եմ, 2006-ի ընտրություններին առավել ակտիվ կմասնակցի նաեւ ՀՀՇ-ն եւ, ըստ էության, հնարավոր է աջ ուժերի միավորում: Այդ տեսանկյունից չեմ բացառում ՀՀՇ - Հովհաննես Հովհաննիսյան ալյանսի ձեւավորումը... Ինչ վերաբերում է նոր ստեղծվող կուսակցություններին, ապա ակնհայտ է, որ, ասենք, գլխավոր դատախազը կփորձի կուսակցություն ստեղծել: Նման մտադրություն ունի նաեւ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը, նաեւ՝ գործարար Գագիկ Ծառուկյանը... Ծառուկյանի այդ կուսակցությունը կարող է լուրջ քաղաքական ուժ դառնալ, որը մեծ դերակատարություն կունենա Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում»:

«Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը «Այբ-Ֆե»-ի խնդրանքով թվարկել է այն դասերը, որ իրենք քաղեցին անցնող 2005 թվականից. - «Նախ, «Ազգային միաբանության» ընտրած մարտավարությունը թե’ մինչեւ հանրաքվեն, թե’ հետո ապացուցեց, որ մենք ճիշտ էինք, եւ մեր բոլոր կանխատեսումները իրականություն դարձան: Երկրորդ, ժողովուրդը ցույց տվեց իր համախմբվածությունը ընդդեմ այս իշխանությունների, երբ իր ճնշող մեծամասնությամբ նոյեմբերի 27-ի հանրաքվեն բոյկոտեց: Երրորդ, հերթական անգամ թե’ ազգաբնակչությունը, թե’ երկրում հավատարմագրված դեսպանությունները համոզվեցին, որ վարչախմբի իրական հենարանը քրեածին տարրն է, որի միջոցով կեղծվեցին հանրաքվեի արդյունքները: Չորրորդ, մարդիկ տեսնելով, թե ինչ արձագանք է գտնում կեղծված հանրաքվեն միջազգային կառույցների կողմից, համոզվեցին, որ երկրում իրական փոփոխություններ կատարելը միայն մեր ժողովրդի գործն է»:

«Արդյո՞ք սկզբունքայնություն է այն, ինչ այս օրերին անում է Շավարշ Քոչարյանը», - հարց է բարձրացնում «Հայկական ժամանակ»-ը՝ պարզաբանելով. - «Սրանում կասկածելու լուրջ առիթներ կան: ԱԺԿ նախագահը այս օրերին չի իջնում հեռուստաէկրաններից, եւ աջուձախ քլնգում է ընդդիմությանը: Այդ ընթացքում, սակայն, ինքն իրեն հարց չի տալիս. իսկ ինչո՞ւ հայրենի հեռուստաընկերությունները իր նկատմամբ այդքան ուշադիր չէին մեկ տարի առաջ, երկու տարի առաջ: Ինչո՞ւ մեկ կամ երկու տարի առաջ իրեն չէին հրավիրում եթեր, իրենից ցիտատներ չէին բերում, չէին գովում նրա խելքն ու ինտելեկտը: Ու եթե նա ունի այդ ինտելեկտը, ինքն իրեն գոնե մի անգամ այս հարցը տված պետք է լիներ: Ու եթե չի տվել, նշանակում է` գիտի դրա պատասխանը. ինքը ընդամենը շոումեն է իշխանությունների կողմից լավ կազմակերպված շոուի մեջ»:

«Հայոց աշխարհ»-ը գրում է. - «Դաշինքի «ինքնամաքրման» կամ, ինչպես ասում են՝ «բյուրեղացման» էպոպեան հազիվ թե այսքանով ավարտվի: Արամ Սարգսյանի անզուսպ հեղափոխական նկրտումների հերթական զոհը, ըստ ամենայնի, «Արդարություն» դաշինքի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանն է: Ընդդիմադիր ճամբարում 2005-ին ուրվագծված գլխավոր ինտրիգը, որի հանգուցալուծումը դեռ առջեւում է, Դեմիրճյան - Սարգսյան երկընտրանքի հարթության վրա է»:

«Պարզ է. որ գալիք 2006 թվականին Դաշնակցության քննադատության հիմնական թիրախը կդառնա Անդրանիկ Մարգարյանի կառավարությունը», - գրում է «Չորրորդ իշխանություն»-ը: - «Ամենայն հավանականությամբ, մոտալուտ ընտրություններից առաջ Վահան Հովհաննիսյանի կուսակիցները որոշել են ստեղծել ընդդիմադիր իմիջ: Բանն այն է, որ դաշնակցականները շատ լավ հասկանում են, որ գոյություն ունեցող վարչական ռեսուրսները բավարար չեն ապագա խորհրդարանում մեծամասնությանը տիրանալու համար: Սակայն այստեղ ծագում է բնական մի հարց՝ իսկ ինչո՞ւ դաշնակցականները չեն հրաժարվում բոլոր պաշտոններից ու որպես ընդդիմություն գնում ընտրությունների... Նախ, դա անհնար է այն պատճառով, որ ընդդիմության դաշտը արդեն լիովին զբաղված է: Բացի այդ, մի քիչ դժվար է հավատալ, որ էլեկտորատը կվստահի մի քաղաքական ուժի, որը պատասխանատվություն է կրում վերջին 8 տարիների բոլոր ապօրինությունների համար»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG