Մատչելիության հղումներ

Արթուր Բաղդասարյան. «Հայաստանում կոալիցիան նման է մի ամուսնության, որտեղ խանդը սիրուց ուժեղ է»


Քաղաքական կոալիցիայի հուշագիրը, որը մոտ երկուսուկես տարի առաջ երկրի նախագահի նստավայրում ստորագրեցին Հանրապետականի, «Օրինաց երկիր»-ի ու Դաշնակցության ղեկավարները, ուժի մեջ է մինչեւ Ազգային ժողովի հաջորդ ընտրությունները: 2006-֊ը խորհրդարանի համար նախընտրական տարի է, ու դժվար չէ կռահել, որ հենց իշխող քաղաքական կոալիցիայի ներսում է պայքարը բավական թեժ լինելու. ամեն դեպքում, վաղուց արդեն հրապարակավ միմյանց քննադատող երեքից որեւէ մեկը հուշագրից վաղաժամկետ դուրս գալու մտադրության մասին չի հայտարարում:

Ազգային Ժողովի, ինչպես նաեւ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ «Ազատություն» ռադիոկայանի զրույցը նույնպես հաստատեց դա: Հարցին, թե արդյոք արդեն ժամանակը չէ՞ կոալիցիայի գնացքից թռչելու, Բաղդասարյանը պատասխանեց. - «Նախ, ես ինքս գնացքից թռչելու բնավորություն չունեմ, նաեւ՝ այն քաղաքական ուժը, որը ներկայացնում եմ ես: Հայաստանում կոալիցիան նման է մի ամուսնության, որտեղ խանդը սիրուց ուժեղ է: Իհարկե, այս կյանքում ոչինչ հավերժական չէ՝ այդ թվում նաեւ կոալիցիան, բայց այս պահի դրությամբ, կարծում եմ, որ կոալիցիայից թռչելու կամ փախնելու կամ, չգիտեմ, նման ձեւակերպումներ տալը տեղին չէ, եւ կոալիցիան բնականոն շարունակում է իր գործունեությունը»:

«Արդյո՞ք դրա պատճառը օրենսդիրում ու գործադիրում հուշագրով տրված պորտֆելներն չեն» հարցին Ազգային ժողովի նախագահը պատասխանեց. - «Մեզ համար պորտֆելները ինքնանպատակ չեն: Պորտֆելները միջոց են մեր ծրագրերը իրականացնելու: Կգա նաեւ հաշվետվությունների ժամանակը»:

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի առիթով Ազգային ժողովի նախագահը մեկ անգամ էլ վերահաստատեց խախտումների շուրջ իր ասածը. - «Արջի ծառայություն մատուցողները պատիվ չեն բերում մեր երկրին ու ժողովրդին՝ մանավանդ որ դրա անհրաժեշտությունը չկար: Այսօր ոչ ոք կասկածի տակ չի առնում այն իրողությունը, որ քվեարկության մասնակիցների գերակշիռ մասը քվեարկել է «այո», կասկածի տակ են առնում չափից ավելի մեծ մասնակցությունը, որը իրոք որ մտահոգիչ է»:

Դիտարկմանը, թե իր ղեկավարած կուսակցությունը բոլոր ընտրական հանձնաժողովներում ունեցել է իր ներկայացուցիչները, ովքեր կարող էին պայքարել ընտրախախտումների դեմ եւ համապատասխան արձանագրություններ կցել, Ազգային ժողովի նախագահը պատասխանեց. - «Մենք ինչքան որ կարողացել ենք, օրինականությունը պահել ենք հանձնաժողովներում: Եվ ես ունեմ իմ ձեռքի տակ փաստեր, որոնք արդեն ուղարկել եմ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին»:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը Ազգային ժողովի 2003 թվականի ընտրությունների մասին «Օրինաց երկիր»-ի ներկայացուցիչը չստորագրեց՝ արդյունքների հետ անհամաձայնության պատճառով թերեւս: Հարցին, թե կա՞ երաշխիք, որ հաջորդ ընտրությունների արդյունքի հետ նույնը չի լինելու, հնչեց հետեւյալ պատասխանը. - «2007-2008 թվականների ընտրությունները վճռորոշ նշանակություն ունեն մեր երկրի զարգացման համար երկարատեւ տեսլականով: Եթե 2007-2008 թվականներին կլինեն մարդիկ, իսկ անպայման նման մարդիկ կլինեն, որոնք կուզենան նորից նույն ծառայությունները մատուցել, նորից գնալ ինչ-որ խարդախությունների, կեղծիքների, ապա ես պայքարելու եմ նրանց դեմ, որովհետեւ նրանց գործունեությունը ուղղված է Հայաստանի Հանրապետության առաջընթացի ու զարգացման դեմ: Բոլոր ողջախոհ մարդիկ պետք է հասկանան, որ կեղծիքների ժամանակը այլեւս անցել է: Ընտրական կեղծիքները բերելու են լուրջ ցնցումներ Հայաստանում»:

«Օրինաց երկիր» ֊- ընդդիմություն համագործակցություն պատկերացնու՞մ է, հատկապես որ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի հետ հրապարակավ փոխադարձ համակրանք է հնչել, վերջերս նաեւ՝ «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանի: «Հայաստանի զարգացմամբ մտահոգ բոլոր ուժերի հետ ես համագործակցում եմ», ֊- ասաց Արթուր Բաղդասարյանը:

Ազգային ժողովի նախագահը բացառեց, թե խորհրդարանը կարող է արձակվել մինչեւ հերթական ընտրություններ. - «Ես բացառում եմ նման իրավիճակի առկայությունը»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG