Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 17-ը դեկտեմբերի)

«Երեկ արմատական տրիբունների թիվը մատների վրա կարելի էր հաշվել՝ «17+1+8» ֆորմատը ներկայացնող առաջնորդների գլխաքանակը ակնհայտորեն նվազել էր», - անդրադառնալով ընդդիմության երեկվա հանրահավաքին՝ գրում է «Հայոց աշխարհ»-ը: - ««Արդարություն» դաշինքին մաս կազմող 9 քաղաքական ուժերից առնվազն 7-ը, Ստեփան Դեմիրճյանի գլխավորությամբ, բոյկոտել էին վերջին միտինգը՝ համալրելով հեղափոխությանը զինվորագրված «դասալիքների» շարքերը։ Ակնհայտ էր, որ «լեգիոններով» նախագահական պալատը գրավող Արամ Զավենիչի թիկունքը թափուր էր մնացել եւ հարթակում նրա զինակիցների բացակայության փաստը չէր կարող չընկճել «քաղաքացիական շարժումից» հյուծված սակավաթիվ ակտիվիստներին, որոնք իրենց համարում են «բայեւոյ մասսա» եւ, մառախուղ ու անձրեւ հաշվի չառնելով, քրքրված դրոշակներով ու մի հատիկ պլակատով մշտապես տեղում են»։

«Հանրահավաքային այս փուլը ցույց տվեց, որ «լիդերներից» շատերը ակտիվ գործողությունների հասարակական պահանջարկը օգտագործելու են իրենց անձնական կամ նեղ քաղաքական նպատակներով», - գրում է «Չորրորդ իշխանություն»-ը: - «Մեկը կանգնելու է Արամ Սարգսյանի կողքին, քանի դեռ փողերը չեն վերջացել, մյուսը՝ «օրինաստեղծ գործունեության» շրջանակներում նախապատվությունը տալու է Երեւան – Ստրասբուրգ չվերթին, երրորդը հարթակի ինֆորմացիան փոխանցելու է «համապատասխան մարմիններին» ու փոխարենը մի քանի կենցաղային հարցեր է լուծելու... Պարզ ասած՝ ակնհայտ դարձավ, որ հարթակում միայն Արամ Սարգսյանն է կանգնած: Մյուսները պատրաստ են նրա կողքին կանգնել մի դեպքում՝ «եթե շատ ժողովուրդ հավաքվի»: Պարզ դարձավ նաեւ, որ իր թիկունքում ժողովուրդ ունի (թեկուզ առայժմ փոքրաթիվ) միայն Արամ Սարգսյանը, իսկ մյուսները իրենց թիկունքում ոչ թե ժողովուրդ ունեն, այլ «էլեկտորատ»»:

«Ազգ»-ը ամբիոն է տրամադրել տարբեր ուժեր ներկայացնող քաղաքական գործիչներին: Գալուստ Սահակյան. - «Առաջիկայում ընդդիմության չակերտավոր հաջողությունը կլինի այն, որ իշխանական կուսակցություններում վիճարկվող հարցերը կշատանան՝ ի վնաս մեր պետության: Նոր քաղաքական իրավիճակ է սպասում նաեւ կոալիցիային: Կարծում եմ, արդեն գարնանը գորշ պոպուլիզմի ժամանակաշրջան է սկսվելու, եւ, պետության ռազմավարական ծրագրերը հաշվի չառնելով կուսակցությունները նեղ կուսակցական շահարկումներով փորձելու են ժողովրդի ձայներ հավաքել: Սա շատ վտանգավոր եմ համարում»: Վիկտոր Դալլաքյան. - «Ընդդիմության վիճակը փայլուն է, քանի որ ժողովուրդը 90 տոկոսով մերժեց իշխանություններին եւ բոյկոտեց հանրաքվեն: Այդ 90 տոկոսն ասում է այն մասին, որ ընդդիմության բանակը կարող է համալրվել: Սա շատ կարեւոր արձանագրում է քաղաքականության մեջ` պետք է միայն հետեւողական լինել եւ հետագա լուրջ քայլեր անել: Կոալիցիայի ներսում տեսնում եք ինչ է կատարվում` իրար հայհոյում են, «դուալիստ» ու «դեբիլ» են անվանում: Ընդդիմության մեջ երբեք չեն անցել անձնական վիրավորանքների: 2006-ը նախընտրական տարի է, պարզ է, որ վերադասավորումներ եւ վերաձեւումներ կլինեն, բացի այդ հնարավոր են ԼՂՀ հարցի զարգացումներ: Դեկտեմբերը եւ հունվարը մեռած ամիսներ են, բայց փետրվարից արդեն քաղաքական որոշակի զարգացումներ կլինեն»: Թերթի թղթակիցը հարցնում է՝ «Ի՞նչ վերաձեւումներ», ինչին Դալլաքյանը հակիրճ պատասխանում է. - «Գլուխները ջարդելու ենք»:

«Գոլոս Արմենիի»-ին, անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի՝ նախագահին ուղղված հարցմանը, որտեղ Ռոբերտ Քոչարյանը անվանվում է «նախագահի պաշտոնակատար», գրում է. - «Քաղաքացիական հասարակության վերաբերյալ մեզ՝ աբորիգեններիս, պարզաբանումներ տալուց եւ հայկական քաղաքականության հորձանուտը նետվելուց առաջ լավ կլիներ, որ Րաֆֆի Ռիչարդովիչը ուսումնասիրեր հայրենական ընտրազանգվածի առանձնահատկությունները: Եվ առնվազն չվիրավորեր նրանց, ովքեր քվեարկել են Ռոբերտ Քոչարյանի օգտին... Հետաքրքիր է, կհանդգնե՞ր արդյոք արեւաշող Կալիֆորնիայում ծնված գործիչը նույնկերպ դիմել Ջորջ Բուշին՝ միաժամանակ պահանջելով նրանից հետին թվով քաղաքացիություն շնորհել իրեն»:

«168 ժամ»-ի հարցազրույցում Վազգեն Մանուկյանը ասում է. - «Այս պահին Ղարաբաղի հարցի լուծում չի երեւում: Մոտակա ժամանակներում բացառվում է, որ Արդբեջանը համաձայնի այն մտքի հետ, որ Ղարաբաղը իրենը չի, ընդհանրապես բացառվում է, որ Հայաստանը կամ Ղարաբաղը ինչ-որ կարգավիճակով ընդունեն, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմի մեջ: Այդ տեսակետից այս պահին Ղարաբաղի հարցը լուծելի չէ»: «Եթե 2006 թվականին չլուծեն հիմնահարցը», - շարունակում է Մանուկյանը, - «ապա նորից կունենք սառը պատերազմ՝ Հայաստանի, Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ: Սառը պատերազմ, ինչպես մի ժամանակ ԽՍՀՄ-ն ու Արեւմուտքն էին իրար դեմ վարում: Իսկ սառը պատերազմի դեպքում հաղթանակի հասնելու համար Հայաստանին կտրուկ ներքին փոփոխություններ են պետք՝ դեպի ազատություն, օրինականություն, ժողովրդավարություն, նոր տիպի տնտեսությունների զարգացում: Իսկ Ադրբեջանի դեպքում ժողովրդավարությունը թեեւ պետք է, սակայն այդքան մեծ ստիմուլ չէ, որքան զուտ իրենց ընդերքի ճիշտ օգտագործումը»:

«Արդեն ավելի քան 10 օր է, ինչ փակվել է հայ-վրացական սահմանի Բագրատաշենի մաքսակետի տարածքում գտնվող շուկան, որը հայտնի է Սադախլոյի շուկա անունով: Այստեղ տարիներ շարունակ առեւտուր էր իրականցվում հայ, վրացի եւ ադրբեջանցի վաճառականների միջեւ, եւ ասենք, Երեւանի տոնավաճառներում վաճառվող էժանագին հագուստեղենի մեծ մասը բերվում էր հենց Սադախլոյից», - գրում է «Հայկական ժամանակ»-ը: - «Հայաստանի Մաքսային պետական կոմիտեում վերջին օրերի իրադարձությունները մեկնաբանում են հետեւյալ կերպ. «Վրացական կողմը իրականցնում է օպերատիվ միջոցառումներ, եւ ընթանում են համալիր ստուգումներ»: Մաքսայինում ասում են նաեւ, որ այս միջոցառումները ամենայն հավանականությամբ կապված են նրա հետ, որ վերջերս Վրաստանի մաքսավորների շրջանում կաշառակերության դեպքեր են բացահայտվել»: Թերթը մեկնաբանում է. - «Եվս մեկ անգամ համոզվում ենք, որ մեր պետությունը կա՛մ չի ցանկանում, կա՛մ չի կարողանում հարեւանների հետ հարաբերություններում պաշտպանել սեփական քաղաքացիների՝ թեկուզ շահավետ առեւտուր իրականացնելու շահերը: Ստացվում է, որ Վրաստանի ներքին խնդիրներից մեկի լուծման պատճառով տուժում են ՀՀ քաղաքացիները»:

«Առավոտ»-ում պատգամավոր Հերմինե Նաղդալյանը կանխատեսում է անում ապագա նախագահի վերաբերյալ. - «Վստահ եմ, որ 2008 թվականի ընտրությունները կլինեն ազատ, արդար եւ թափանցիկ: Եվ ահա այդպիսի ընտրություններում հաղթելու ամենամեծ հնարավորություններն ունի հենց Սերժ Սարգսյանը, եթե, իհարկե, առաջադրի իր թեկնածությունը: Նրա մտավոր ներուժը եւ պետական աշխատանքի փորձը հենց այն արժանիքներն են, որոնք արժանի են դարձնում իրեն Հայաստանի նախագահ դառնալու համար»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG