Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի սպայի դատավարությունը կվերսկսվի գարնանը


Այսօր Բուդապեշտում կայացած դատական նիստը հայաստանցի սպա Գուգեն Մարգարյանի սպանության մեջ մեղադրվող ադրբեջանցի զինվորական Ռամիլ Սաֆարովի գործով դատավարությունը հետաձգեց մինչեւ մարտի 7-֊ը:

Անցած տարվա փետրվարին ՆԱՏՕ-֊ի դասընթացների ժամանակ Սաֆարովը կացնահարել էր հայ սպային:


Մարգարյանի իրավահաջորդի շահերը պաշտպանող փաստաբան Նազելի Վարդանյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ այսօրվա նիստում լսվեցին երրորդ դատաբժշկական փորձաքննության արդյունքները:

«Փորձագետը պետք է պատասխաներ այն հարցին, թե ինչու են հակասություններ առաջացել առաջին եւ երկրորդ փորձաքննությունների միջեւ, բայց նա այդ հարցին չէր պատասխանել, այլ փաստորեն նոր փորձաքննություն էր անցկացրել, ինչը փաստեցին թե' դատախազը, թե' դատավորը: Որոշվեց նոր փորձաքննություն անցկացնել», - ասաց փաստաբանը:

Բացի այդ, հիվանդության պատճառաբանությամբ դատարան չէր ներկայացել մյուս ադրբեջանցի սպան՝ Անար Ալիեւը, որը նախաքննության ընթացքում հայտնել էր, որ հայ եւ ադրբեջանցի սպաների միջեւ առճակատում չի եղել, մինչդեռ մեղադրյալը պնդում է, թե Մարգարյանը սադրել է իրեն:

«Շատ կարեւոր է, որ դատարանը ճիշտ գնահատեց երրորդ փորձաքննությունը՝ բոլորին պարզ դարձավ, որ փորձագետը պատվեր է կատարել: Նա նույնիսկ զգուշացվեց, որ, եթե այսպես շարունակի, կարող է տուգանվել 10 հազար ֆորինտով կեղծ ցուցմունքներ տալու համար», - ասաց Նազելի Վարդանյանը:


Արմեն Դիլանյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG