Մատչելիության հղումներ

Սառեցված հակամարտությունների հարցը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում չի քննարկվելու


ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքի կազմակերպման համար պատասխանատու Գլխավոր կոմիտեն մերժել է ՎՈՒԱՄ-ի (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) անդամ երկրների խնդրանքը՝ Սեւծովյան-հարավկովկասյան տարածաշրջանում սառեցված հակամարտությունների հարցը ընդգրկել ՄԱԿ-ի 60-րդ նստաշրջանի օրակարգում:

Բաքվի «Զերկալո» թերթի փոխանցմամբ, ՄԱԿ-ի Գլխավոր կոմիտեի 28 անդամներից ՎՈՒԱՄ-ի առաջարկի օգտին են քվեարկել միայն երեքը՝ Ադրբեջանը, Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ը: Դեմ են քվեարկել կոմիտեի հինգ անդամները՝ Հայաստանը, Ռուսաստանը, Անգոլան, Մյանման եւ Վենեսուելան: Մյուսները ձեռնպահ են մնացել:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահին ՎՈւԱՄ կազմակերպության անունից նոյեմբերի 17-ին նամակ էր ներկայացվել՝ Գլխավոր ասամբլեայի 60-րդ նիստի օրակարգում «Տեւական հակամարտությունները Սեւծովյան-հարավկովկասյան տարածաշրջանում եւ դրանց հետեւանքները միջազգային խաղաղության, անվտանգության եւ զարգացման վրա» վերնագրով նոր կետ ընդգրկելու խնդրանքով:

Հայաստանի արտգործնախարարության միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վալերի Մկրտումյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր, թե նամակին կից բացատրական գրառման մեջ ընդգծվում է, որ «տեւական հակամարտությունները Լեռնային Ղարաբաղում, Աբխազիայում, Հարավային Օսիայում եւ Մերձդնեստրում լուրջ սպառնալիք են հանդիսանում միջազգային խաղաղության եւ անվտանգության համար, սպառնում են ՄԱԿ-ի անդամ երեք պետությունների ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»:

Անցած սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 60-րդ նստաշրջանի օրակարգ էր մտել «Իրավիճակը Ադրբեջանի գրավյալ տարածքներում» բանաձեւի նախագիծը: ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում նշել էր, որ բանաձեւի նախագիծը օրակարգ էր մտել առանց քվեարկության եւ «որոշակի պայմաններով ու նկատառումներով»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG