Մատչելիության հղումներ

Լարիսա Ալավերդյանը մտահոգված է լրագրողների իրավունքների խախտման դեպքերի կապակցությամբ


Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը չորեքշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ վերջին շրջանում հաճախակի դարձած զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավունքների խախտումների դեպքերի կապակցությամբ:

«Հարձակումները, ծանր մարմնական վնասվածքներ հասցնելը, բռնությունները, լրագրողների աշխատանքին խոչընդոտելը, նրանց բերման ենթարկելը դառնում են արատավոր պրակտիկա՝ լրջորեն հարվածելով երկրի հեղինակությանը», - նշել է Լարիսա Ալավերդյանը: - «Այս ամենը սպառնում է Հայաստանում խոսքի ազատության ու տեղեկատվության մատչելիության իրավունքների լիարժեք ապահովմանը»:

Ըստ նրա, պատահական չէ, որ խոսքի ազատության հետ կապված իրավիճակի վատթարացում են արձանագրում նաեւ միջազգային կազմակերպությունները, մասնավորապես՝ «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպության վարկանիշային ցուցակում Հայաստանը 23 կետով զիջել է իր դիրքը նախորդ տարվա համեմատ:

«Ակնկալում եմ, որ լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու ցանկացած դեպք, առավել եւս ցանկացած բռնություն լրագրողի նկատմամբ, պատկան մարմինների կողմից կբացահայտվի մինչեւ վերջ, եւ մեղավորները կկրեն համարժեք պատասխանատվություն», - հայտարարել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG