Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյան. «Համագործակցությունից մտնում ենք որոշ ինտեգրացիոն ոլորտ»


Բրյուսելում այսօր կայացած Եվրամիություն - Հարավային Կովկաս հանդիպման քննարկման հիմնական թեմաները երեքն էին` երկկողմ հարաբերություններ, սառեցված հակամարտությունների լուծում եւ տարածաշրջանային ինտեգրում: Ըստ Եվրամիության արտաքին քաղաքականության գլխավոր պատասխանատու Խավիեր Սոլանայի՝ հանդիպումը «շատ հաջողված էր»:

Նույնն են ասում նաեւ հանդիպման մյուս մասնակիցները: «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հատուկ նշեց, որ այս հանդիպումը տարբերվում էր նախորդ հանդիպումներից:

«Ի տարբերություն նախորդների, այս հանդիպմանը մենք մասնակցում ենք, երբ արդեն ունենք նախնական նախագիծ`«Նոր հարեւանության» ծրագրի շրջանակներում մեր գործողությունների: Հայաստանում արդեն տեղի են ունեցել սահմանադրական բարեփոխումներ: Lեռնային Ղարաբաղի հարցում կան դրական տեղաշարժեր: Արդեն իր ավարտին է հասցվել նաեւ Հայաստան - ՆԱՏՕ հարաբերություններում մեր անհատական գործողությունների ծրագիրը: Այս նոր մթնոլորտում է, որ այս հանդիպումը տեղի ունեցավ: Սա որակական նոր մակարդակ է, եւ արդեն մենք համագործակցությունից մտնում ենք որոշ ինտեգրացիոն ոլորտ»:

Թե’ հայկական, թե’ ադրբեջանական կողմի պարագայում քննարկման գլխավոր թեման, ինչպես եւ սպասվում էր, եղել է Ղարաբաղյան կարգավորումը: Խավիեր Սոլանայի խոսքերով, վերջին շրջանում որոշակի առաջընթաց արձանագրվել է եւ հույս կա, որ 2006-ին կարող է տեղաշարժ լինել դեպի հարցի լուծում:

Վարդան Օսկանյանը ասուլիսի ընթացքում նշեց, որ կիսում է Սոլանայի լավատեսությունը:

«2005-ը շատ արդյունավետ տարի էր, եւ մենք հույս ունենք, որ շուտով բանակցությունները կշարունակվեն թե’ Պրահայի գործընթացի շրջանակներում`նախարարների մակարդակով, եւ թե’ նախագահների մակարդակով», - ասաց Օսկանյանը:

Արդեն ասուլիսից հետո Հայաստանի արտգործնախարարը նշեց, թե չի բացառվում, որ կարգավորման բանակցությունները վերսկսվեն արդեն հունվարին:

«Պետք է ասել, որ բոլորի տեսակետն այն է, որ 2006-ին կա հավանականություն դրական տեղաշարժ եւ բեկում կատարելու այս հակամարտության մեջ: Այս ուղղությամբ պետք է իհարկե աշխատել: Մենք էլ ասում ենք, որ ստեղծվել է բավարար հիմք: Այս պահին համանախագահները արդեն գտնվում են Երեւանում, եւ մենք հույս ունենք, որ թե’ ժամկետի, թե’ վայրի առումով որոշ պայմանավորվածություն կլինի, որպեսզի հունվարից բանակցություններն արդեն սկսվեն», - ասաց Վարդան Օսկանյանը:

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, իր հերթին, ասաց. - «Հակամարտության վերաբերյալ կարող եմ ասել, որ շատ կարեւոր է հարցի դիտարկումը Եվրամիություն - Հարավային Կովկաս հարաբերությունների համատեքստում, երբ կողմերը հակված են մերձենալ եւ կիսում են նույն արժեքները, ինչ Եվրամիության անդամ պետությունները»:

Եվրամիություն - Հարավային Կովկաս լայնորեն գովազդված գագաթնաժողովի գլխավոր ինտրիգը Ադրբեջան - Կիպրոս հարաբերություններն էին: 2004-ին Եվրամիությանն անդամակցած Կիպրոսը` բողոքելով Բաքվից դեպի այսպես կոչված՝ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն իրականացվող ուղիղ չվերթների եւ այդտեղ Ադրբեջանական մշակութային կենտրոն բացելու որոշման դեմ` փաստորեն արգելափակեց «Նոր հարեւանության» ծրագրի շրջանակներում երեք երկրների «Գործողությունների պլանի» մեկնարկը` գագաթնաժողովը վերածելով ոչ պաշտոնական հանդիպումների շարքի:

Ասուլիսի ընթացքում Էլմար Մամեդյարովը ընդգծված կերպով փորձեց ցույց տալ, որ այս առումով որեւէ լուրջ բան տեղի չի ունեցել եւ անհանգստանալու կարիք չկա: Նա նույնիսկ հիշատակեց Lյուբլյանայում իր ունեցած հանդիպումները Կիպրոսի արտաքին գործերի նախարարի հետ`համառորեն չարտասանելով Կիպրոսի Հանրապետություն բառակապակցությունը, փոխարենն ասելով «կիպրոսցի հույներ»:

Վարդան Օսկանյանի խոսքով էլ՝ կար վտանգ, որ Ադրբեջանի ու Կիպրոսի հակամարտության զոհ կարող են դառնալ հարավկովկասյան մյուս պետությունները. - «Մենք անհագստացած էինք, որ կդառնանք այդ հետաձգման զոհը: Այժմ, երբ խորհրդակցություններն ու բանակցությունները Հանձնաժողովի հետ մեր գործողությունների ծրագրի շուրջ մեկնարկել են, այդ անհանգստությունը մեղմացել է»:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG