Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը քննարկել է «կոմիտեներ ստեղծելու գաղափարը»


Մինչ ուրբաթ օրը հրավիրած հանրահավաքը ընդդիմությունը երեկ երեկոյան կրկին հավաքվել էր 17+1 ֆորմատով եւ, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի փոխանցմամբ, դիտարկել է «կոմիտեներ ստեղծելու գաղափարը»:

«Պիտի սկզբից ձեւավորվի այն կոմիտեն, որը քաղաքական դաշտում այսօր գործող քաղաքական լիդերներն են, պլյուս մարդիկ՝ գիտնականներ, գրողներ, լրագրողներ... Մենք հակված ենք այս կարգի կոմիտե ունենալ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Արամ Սարգսյանը՝ ստեղծվելիք կոմիտեի գործունեության մասին էլ ավելացնելով. - «Եթե կարճ ասեմ՝ դա նման է 88-89 թվականների Ղարաբաղ կոմիտեի գործընթացներին»:

Սակայն այն մարդիկ, որոնք երկրում իրավիճակը փոխելու առաքելություն կստանձնեն, դեռ ընտրված չեն: Արամ Սարգսյանի խոսքերով, մեր երկրում դժվարությունները հենց անհատներն են ստեղծում:

«Անձերի խնդիր կա թե’ իշխանությունում, թե’ ընդդիմությունում», - ասաց նա: - «Իշխանությունում կան բազմաթիվ մարդիկ, որոնց ես հաճույքով կառաջարկեի, որ այդ կոմիտեի մեջ լինեն: Եվ ընդդիմության մեջ կան բազմաթիվ մարդիկ, որոնց անձամբ ես չէի ուզենա առաջարկել»:

Ընդունելով, որ վերջին հանրահավաքում մասնակիցների թիվը իսկապես նվազել էր՝ Արամ Սարգսյանը ասաց, որ իրենք աշխատում են նաեւ ժողովրդին ոգեւորելու ուղղությամբ: Նրա խոսքերով, ամեն հանրահավաք իր ինտրիգն է ունենալու. նախորդինը Րաֆֆի Հովհաննիսյանի նամակն էր Ռոբերտ Քոչարյանին, այս անգամ ընդդիմության մարտավարությունն են ժողովրդին ներկայացնելու:

«Այս հանրահավաքի գլխավոր ինտրիգը հետեւյալն է. թե ինչպիսի ծրագրով ու մոտեցումներով է շարժվելու ընդդիմությունը, ինչպիսի սկիզբ է ունենալու ու ինչպիսի շարունակություն է ունենալու այս գործընթացը», - մանրամասնեց «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը՝ նկատելով, որ հայերս անհամբեր ազգ ենք, սակայն պետք է դիմանալ, քանի որ պետությանը վերաբերող գործընթացները անհրաժեշտ է մանրակրկիտ կազմակերպել: - «Մենք տիզի պես կպնելու ենք հանրաքվեի այս խայտառակ գործընթացին ու այս առիթը բաց չենք թողնելու: Որեւէ մեկը [թող] հույս չունենա, որ կմարի, որ Նոր Տարի է, գործընթաց չի գնա, որ այդ միտինգները աճողական չեն լինի...»:

Ընդդիմադիր այդ ֆորմատում ներկայացված ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը, սակայն, այն համոզման է, որ քանի դեռ ներսում կոնկրետ որոշման չեն հանգել, չարժե ամեն անգամ ժողովրդին «կիսատ-պռատ բաներ ներկայացնել»:

«Ամեն ինչ պետք է քննարկվի, պետք է հասկանալի լինի բոլորի համար, նաեւ հասարակության համար, թե այդ կոմիտեն ինչով է զբաղվելու, ինչ խնդիրներ է լուծելու», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Դեմիրճյանը: - «Մենք դեմ ենք ինչ-որ հապճեպ քայլերի, բայց սկզբունքային տեսակետը շատ հստակ է՝ դաշինքը պետք է հանդես գա որպես դաշինք, որը չի ենթադրում անպայմանորեն ինչ-որ կոմիտեի ստեղծում»:

Իսկ «Ազգային միաբանություն»-ը ընդհանրապես չի մասնակցում ընդդիմության հանրահավաքներին: Կուսակցության ղեկավարը իրենց այդ քաղաքականությունն այսպես բացատրեց. - «Կարճատես են քաղաքական այն գործիչները, որոնք փորձում են իրավիճակը շտկելու պայքարը տանել միայն եւ միայն մի ուղով. տվյալ պարագայում՝ հանրահավաքների կազմակերպման ճանապարհով»:

«Հանրահավաքները, անշուշտ, մեր զինանոցում մենք պետք է նկատի ունենանք, բայց ստեղծված իրավիճակում, ըստ մեզ, դրանք ժամանակավրեպ են», - ավելացրեց Արտաշես Գեղամյանը:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG