Մատչելիության հղումներ

Բրյուսելում գալիք շաբաթ կկայանա Եվրամիություն – Հարավային Կովկաս հանդիպումը


Դեկտեմբերի 13-ին Բրյուսելում բացվող Եվրամիություն - Հարավային Կովկաս հանդիպումը խոստանում է հետաքրքիր եւ կոնկրետ արդյունքներ եւ կարող է եվրաինտեգրման մեկնարկային հանդիպում դառնալ:

Եվրամիության «Ընդլայնված Եվրոպա. նոր հարեւանություն» ծրագրի շրջանակներում գոյություն ունի գործողությունների ծրագիր, որի շուրջ բանակցությունները հետաձգվեցին Ադրբեջանի եւ Կիպրոսի միջեւ ծագած տարաձայնությունների պատճառով:

Հարավային Կովկասի բոլոր 3 երկրները արդեն իսկ հռչակել են եվրաինտեգրումը իբրեւ իրենց արտաքին քաղաքական գլխավոր ուղղություն, իսկ Վրաստանը եւ Հայաստանը պարզապես հայտարարում են, թե իրենց երկրները պատկանում են Եվրոպային:

Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ Եվրամիությունը Հայաստանի համար կարող է դառնալ այն կառույցը, որի հետ համագործակցությունը կօգնի լուծել արտաքին քաղաքական եւ ներքին տնտեսական բարդ խնդիրները:

Իսկ Հայաստան-Թուրքիա դժվարին հարաբերությունների հարցն արդեն անուղղակիորեն մտել է Եվրամիության օրակարգ: Այս տարվա հոկտեմբերին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Բրյուսելում հանդիպեց Եվրամիության արտաքին հարաբերությունների հարցերով հանձնակատար Խավիեր Սոլանայի հետ: Վերջինս խոստացավ, որ Եվրամիությունը «ամեն ինչ կանի՝ հայ-թուրքական սահմանը բացելու համար»:

«Բայց դրա համար ջանքեր պետք է գործադրվեն երկու կողմերից՝ տեսնելու, թե ինչպես կարելի է բացել սահմանները Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ: Մենք շատ կցանկանայինք, որ դա տեղի ունենա», - հայտարարել էր Խավիեր Սոլանան:

Անցյալ տարի Եվրամիությունը դարձավ Հայաստանի ամենախոշոր առեւտրական գործընկերը՝ առեւտրի շրջանառության ծավալը աճեց 37 տոկոսով: Զգալի է նաեւ Եվրամիության նպաստը Հայաստանի ներքին տնտեսական եւ քաղաքական ասպարեզում:

Անկախությունից հետո Եվրամիությունը շուրջ 400 միլիոն եվրոյի մարդասիրական եւ այլ բնույթի օգնություն է հատկացրել Հայաստանին: Բացի այդ, Եվրամիության անդամ երկրները շուրջ 170 միլիոն եվրոյի անհատական հատկացումներ են կատարել Հայաստանի կառավարությանը: Միջոցներ են հատկացվում ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման համար. Եվրամիությունը պահանջում է, որ Հայաստանը համապատասխանեցնի իր օրենսդրությունը եվրոպականին:

Ի դեպ, Եվրամիության հետ հույսեր է կապում նաեւ Հայաստանի ընդդիմությունը. - «Շատ դրական փաստ կլինի, եթե այս 3 հանրապետությունները հնարավորություն ունենան անդամակցել Եվրամիությանը: Անկեղծ ասած, այստեղի ժողովրդավարությունը դեռ չի հասունացել այն աստիճանի, որպեսզի արձանագրենք, որ անդամակցությունը լիարժեք է: Մյուս կողմից՝ անդամակցության միջոցով Հայաստանում հնարավոր կլինեն դրական փոփոխություններ», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը:

Եվրամիությունը 2001 թվականից որոշեց լրջորեն զբաղվել Հարավային Կովկասի հակամարտությունների հարցերով: «Կարծում ենք, որ Եվրամիությունը կարող է իրականում ակտիվ դերակատարություն ունենալ ե’ւ [Ղարաբաղի շուրջ] բանակցային գործընթացում, ե’ւ, հատկապես, հաջող բանակցությունների ավարտից հետո գործնական քայլերի կիրառման ժամանակ», - այս կապակցությամբ հայտարարել էր Ռոբերտ Քոչարյանը:

Եվրամիությունը արդեն հայտարարել է, որ հակամարտության կարգավորումից հետո պատրաստ է շոշափելի օգնություն հատկացնել հակամարտության գոտու վերականգնման համար:

Դեկտեմբերի 13-ին Եվրամիության արտաքին հարաբերությունների հարցերով հանձնակատար Խավիեր Սոլանան առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի արտգործնախարարների հետ: Հանդիպումներից հետո տեղի կունենա համատեղ մամուլի ասուլիս:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG