Մատչելիության հղումներ

Տապալվել է խորհրդարանի այսօրվա նիստը


Ազգային ժողովում այսօր կեսօրին նշանակված նիստը տապալվեց՝ քվորումի բացակայության պատճառով: Մինչ խորհրդարանի խոսնակը բողոքում էր, թե ինքը պատգամավորներին իրենց պարտականությունները բարեխղճորեն կատարելու հորդորից ավելին անելու իրավունք չունի, ընդդիմադիր պատգամավորները վստահ էին, որ խորհրդարանական մեծամասնությունը միտումնավոր կերպով է տապալել նիստը՝ ընդդիմադիրներին հայտարարությունների ժամին ամբիոնից զրկելու նպատակով:

«Գրանցվել են 21 պատգամավորներ», - հայտարարեց խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանը եւ ավելացրեց՝ առանց մանրամասնելու. - «Արկածները շարունակվում են»:

Գործեց երեքժամյա ռեժիմը, սակայն նույնիսկ այդ ընթացքում նիստը սկսելու համար անհրաժեշտ 66 պատգամավորներ չհավաքվեցին:

«Ես ինքս մտահոգված եմ Ազգային ժողովի նիստերին պատգամավորների մասնակցության իմաստով», - խորհրդարանի միջանցքում լրագրողներին ասաց Բաղդասարյանը՝ հավելելով, թե ինքը պարտականությունները բարեխղճորեն կատարելու հորդորից ավելին անելու իրավունքներ չունի. - «Շատ հաճախ ընդունված է ասել՝ այ Ազգային ժողովի նախագահը, երկրի երկրորդ դեմքը եւ այլն... Դուք ինքներդ շատ լավ գիտեք, որ Ազգային ժողովի նախագահը շատ դեպքերում ավելի շատ արարողակարգային պաշտոն է, որովհետեւ իշխանությունը գործադիր կառույցներում է: Առակս ի՞նչ կցուցանե՝ որ ենթակա - ստորադաս հարաբերությունները չեն գործում: Այսինքն՝ ես չեմ կարող որեւէ պատգամավորի կարգադրել, որ գա իր պարտականությունները կատարի»:

Արթուր Բաղդասարյանի կանխատեսմամբ, ինչքան [հաջորդ խորհրդարանական] ընտրությունները մոտենան, այնքան նման դեպքերի հաճախականությունը ավելի է մեծանալու. - «2006 թվականին չեմ բացառում, որ նման դեպքերը ավելի հաճախակի կլինեն»:

Խորհրդարանական ընդդիմությունը, սակայն, կարծում է, որ քվորում չապահովելը ենթատեքստ ունի: «Այսօր հայտարարությունների ժամն էր, եւ հանրաքվեի մասին բազմաթիվ հայտարարություններ էին լինելու», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Արշակ Սադոյանը: - «Սա է իրականությունը՝ իշխանությունների կողմից ծրագրված բոյկոտ»:

«Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը կարծում է, որ կոալիցիան ուղղակի սարսափում է իրենց հայտարարություններից, որոնք եթեր են հեռարձակվում Հանրային հեռուստատեսությամբ: Դալլաքյանի համոզմամբ, այս ամենով եւս մեկ խնդիր է լուծվում՝ «Ազգային ժողովի նախագահին վարկաբեկելու նպատակով»:

«Վերեւում նստած երկու անձնավորությունները [ԱԺ փոխնախագահները], որոնք ծայրերում են նստում, նրանք ուղղակի հրճվում էին մեջտեղում նստած անձնավորության ծանր վիճակի համար», - փաստարկեց Դալլաքյանը:

Մինչդեռ Արթուր Բաղդասարյանը իրեն ամենեւին միայնակ չի զգում առանց կոալիցիայի:

«Ես միայնակ չեմ: Ինձ հետ է բավականին մեծ, ստվար քաղաքական ուժ, ժողովուրդ», - ասաց նա:

Անդրադառնալով ընտրակեղծիքներին՝ Բաղդասարյանը ասաց, թե երկրում արդեն 10 տարուց ավելի է վատ ավանդույթ է ձեւավորվել, երբ կան մարդիկ, որոնք զբաղված են արջի ծառայություններ մատուցելով: Նա կրկին կոչ արեց ընդդիմությանը դատախազություն փոխանցել իրենց ունեցած փաստերը:

«Երաշխիքներ ես չեմ կարող տալ այն մարմինների փոխարեն, որոնք կոչված են այդ խնդիրներով զբաղվել», - այդուհանդերձ, ավելացրեց նա: - «Մենք պետք է հասկանանք, որ կան գործընթացներ, որոնք քաղաքական տրամաբանությունից եւ վերահսկողությունից դուրս են: Ե’վ քաղաքական, ե’ւ քաղաքացիական»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG