Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Իրավունք»-ը գրում է, թե կարելի էր ակնկալել, որ «մեր դեմ խաղ չկա» սկզբունքով նկարած 1,5 միլիոն ձայներից հետո իշխանական ճամբարում իրար հերթ չտալով բոլորը ձգտելու են իրենց վերագրել սեփական ժողովրդի նկատմամբ տարած այդ «հաղթանակը»: «Սակայն», - նկատում է մեկնաբանը, - «իրականում ե’ւ կոալիցիայի կուսակցությունները, ե’ւ անգամ Սերժ Սարգսյանը ձգտում են մի տեսակ սահմանազատված մնալ այդ ամեն ինչից՝ գերադասելով բացառապես Ռոբերտ Քոչարյանի վրա թողնել այդ «հաղթանակի» առավել քան կասկածելի փառքի դափնիները»:

«Մինչեւ ուրբաթ ընդմիջում վերցրած միացյալ ընդդիմության լիդերներն այս օրերին մինչեւ լուսաբաց ծրագրում են, թե ինչպես գործել ստեղծված նոր քաղաքական իրավիճակում», - հայտնում է «Հայկական ժամանակ»-ը, որի թղթակցի հետ զրույցում ընդդիմության լիդերներից մեկը կեսգիշերային այդ հավաքներից հետո համոզված հայտարարել է. - «Ընդդիմությունն այս անգամ պրոցեսը տանելու է մինչեւ վերջ, եւ այս անգամ հարցը չի հասնելու 2007-ի հերթական ընտրություններին»: Թերթի զրուցակիցը, որի անունը չի հրապարակվում, նշում է. - «Եթե նախկինում ընդդիմության գործողությունները կրում էին տարերային, հաճախ էմոցիոնալ բնույթ եւ ուղղորդվում էին պահի թելադրանքով, ապա այս անգամ ընդդիմությունը ծրագրել է հստակ գործողությունների սխեմա, պատրաստ է ցանկացած իրավիճակի եւ կազմավորում է իր առաջիկա գործողությունների բուրգը՝ ներքեւում կանգնած ժողովրդից մինչեւ հարթակում կանգնածների պարտականությունների եւ պատասխանատվության հստակ մեխանիզմով»:

«Մեր ժողովուրդը, որի անունից սիրում են հանդիսավոր եւ շինծու ճառեր արտասանել իշխանավորներն ու ընդդիմադիրները, պայքարելու ոչ մի զահլա չունի: Ոչ մի բանի դեմ», - կարծում է «Տարեգիր»-ը: Իսկ «Չորրորդ իշխանություն»-ում եզրափակված է. - «Փաստենք մեկընդմիշտ՝ այս փուլում այլեւս պետք չէ սպասել նարնջագույն հեղափոխության»:

«Հայրենի ընդդիմությունը հերթական անգամ բաց թողեց երկրում իշխանափոխություն իրականացնելու շանսը», - գրում է «168 ժամ»-ը: - «Եվ հիմա քաղաքացիներին Մատենադարանի մոտ «վճռական», «ամենավճռական» կամ «համաժողովրդական», իսկ իրականում ամենասովորական հանրահավաքի հրավիրելով, բայց մի քանի ժամ խոսելուց հետո նորից տուն ուղարկելով՝ ընդդիմությունն ընդամենը մեկ բան է կատարում՝ ավելացնում է իրենցից հուսախաբվածների առանց այն էլ հոծ բանակն ու փոշիացնում իր ձայները»: Թերթի մատուցմամբ, ընդդիմադիր լիդերների մեջ տարաձայնություններ են սկսվել «ծիրանագույն հեղափոխության» իրականացման քայլերի ուղղությամբ. - «Նրանց մի մասը կողմ է Բաղրամյան պողոտա շարժվելու եւ այնտեղ վճռական քայլեր իրականացնելու տարբերակին: Իսկ մի մասն էլ դեռ պնդում է վաղուց ի վեր իրեն սպառած «սահմանադրական ճանապարհի» մասին»: Նույն թերթում «Արդարություն» դաշինքի քարտուղար Վիկտոր Դալլաքյանը պնդում է. - «Հիմա կարիք չկա Բաղրամյան պողոտա գնալու… Այդ զինված բանդան էլի ուժ է կիրառելու այս ժողովրդի նկատմամբ: Սա ավանտյուրա է, անթույլատրելի է»:

«Մենք Բաղրամյան գնալու ենք, թող չկասկածեն», - «Իրավունք»-ում հայտարարում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: - «Բայց մենք գնալու ենք Բաղրամյան պողոտա, երբ այն փակ չի լինելու, եւ բոլոր փակ ուղիները բացվելու են: Մենք այդ աշխատանքն ենք կատարում: Այն մարդիկ, ովքեր սրան չեն հավատում ու մտածում են, որ ամեն ինչ նույնը պետք է մնա, որ պիտի 2007 թվական գնանք առանց փոփոխությունների, այդ մարդիկ կարող են ինքնահրկիզվել»:

«Դեկտեմբերի 2-ին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նամակ է գրել Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանին՝ խնդրելով ներկայացնել հանրաքվեի ընթացքում եղած ընտրախախտումների վերաբերյալ փաստերը», - փոխանցում է «Տարեգիր» շաբաթաթերթը, որի հետ հեռախոսազրույցում այս տեղեկությունը հաստատել է գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գուրգեն Ամբարյանը: Վերջինս նաեւ ասել է, որ Աղվան Հովսեփյանը այս նամակը գրել է «Արթուր Բաղդասարյանի հրապարակային ելույթներում վկայակոչված օրինախախտումներին իրավական գնահատական տալու նպատակով»:

«Հայոց աշխարհ»-ի փոխանցմամբ, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, խորհրդարանում ներկայացնելով Իրաքում հայկական զորախմբի գործունեության մասին համաձայնագիրը երկարացնելու վերաբերյալ հարցը, նշել է. - «Թեեւ այս հարցը անցյալ անգամ բուռն քննարկումների պատճառ հանդիսացավ, սակայն Հայաստանի զինծառայողների մեկամյա ծառայությունն Իրաքում ապացուցեց զորախումբ ուղարկելու դեմ արտահայտվող փաստարկների անհիմն լինելը եւ իր տված արդյունքներով լիովին արդարացրեց որոշման իրավացիությունը»:
Լրագրողի հարցին՝ «իսկ ներքաղաքական իրավիճակը երկրում կայու՞ն եք համարում», Սերժ սարգսյանը պատասխանել է. - «Բա որ կայուն չհամարենք, Իրաք զորք կուղարկե՞նք»:

«Հայաստանի Հանրապետություն» թերթի փոխանցմամբ, Եգիպտոս մեկնելուց առաջ օդանավակայանում տված հարցազրույցում վարչապետ Անդրանիկ Մարգարյանը խոստովանել է, որ գազի թանկացման մասին ռուսական կողմի հայտարարությունն իր համար անակնկալ էր: Նրա խոսքերով, արդեն հաստատված է գալիք տարվա պետական բյուջեն, «առաջիկա երկու տարիների սցենարը հստակ է, եւ տնտեսական քաղաքականության մեջ նոր իրավիճակի մեր երկիրը պատրաստ չէ». - «Իսկ եթե գազի սակագները փոփոխվեն, մենք կփորձենք մեր ռեսուրսներն օգտագործելով, ծանրությունը չթողնել մեր ժողովրդի վրա»:

«Գազի գնի փոփոխությունը, բնականաբար, ազդեցություն կունենա էլեկտրաէներգիայի սակագնի վրա, սակայն դա կախված կլինի թանկացման չափից», - «Հայոց աշխարհ»-ում ասում է էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Ըստ նրա՝ ամեն դեպքում այդ ազդեցությունը համարժեք չի լինի, որովհետեւ «այսօր էներգետիկ ոլորտում գազի օգտագործումը հասցված է նվազագույնի»:

Անդրադառնալով ինքնակամ կառուցապատողների համար պատիժների սահմանմանը՝ ընդհուպ մինչեւ քրեական պատասխանատվության ենթարկելը՝ «Ազգ»-ը թերահավատորեն նշում է. - «Ինքակամների հեղինակներին պետական մակարդակով նման «հաթաթաներ» էլի եղել են, ընդհուպ՝ դրանք տիեզերքից վերահսկելու ծիծաղելի սպառնալիքը, բայց մի քանի խղճուկ կրպակ, կամ այլ միկրոկառույցի ոչնչացումից այն կողմ չեն անցել»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG