Մատչելիության հղումներ

Մամեդյարով. Կոսովոյի կարգավիճակի հարցի լուծումը «նախադեպ դառնալ չի կարող»


Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, թե Կոսովոյի կարգավիճակի հարցի հնարավոր լուծումը չի կարող նախադեպ դառնալ այլ հակամարտությունների լուծման համար:

Երեկ Lյուբլյանայում ԵԱՀԿ արտգործնախարարների հերթական տարեկան հավաքի ընթացքում Մամեդյարովը, անդրադառնալով Կոսովոյի կարգավիճակին, ասել է. - «2006 թվականը կարող է որոշիչ դառնալ Կոսովոյի կարգավիճակի հարցում: Ադրբեջանի հստակ ու միանշանակ դիրքորոշումը հետեւյալն է` հարցը պետք է լուծվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1244 բանաձեւի եւ Հելսինկյան հռչակագրի դրույթներին համապատասխան»:

«Ինչպիսին էլ լինի հարցի լուծումը` նախադեպ դառնալ այն չի կարող», - ավելացրել է նա:

Էլմար Մամեդյարովի ելույթի այս հատվածը յուրատեսակ պատասխան էր Վարդան Օսկանյանին: Դրանից հաշված րոպեներ առաջ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել էր. - «Մենք ականատեսը դարձանք հանրաքվեի միջոցով Արեւելյան Թիմորի անկախացման, Սուդանում` երկրի մի առանձին հատվածում անցկացված հանրաքվեի միջոցով տասնամյակներ տեւած հակամարտության ավարտին: Այսօր լրջորեն քննարկվում է Կոսովոյի կարգավիճակի հարցը»:

Օսկանյանի խոսքերով, չի կարելի անտեսել քաղաքական այն իրողությունը, որ Ղարաբաղն ապացուցեց ընտրություններ անցկացնելու, ժողովրդին կառավարելու, սահմանները պաշտպանելու եւ արտաքին կապերը զարգացնելու կարողությունը: Ըստ Օսկանյանի՝ անհրաժեշտ է Lեռնային Ղարաբաղի ինքնորոշված լինելու հանգամանքին օրինական բնութ տալ: Դա, Հայաստանի արտաքին գործերի նախարարի համոզմամբ, կնպաստի բանակցային գործընթացի արդյունավետ ընթացքին:

Էլմար Մամեդյարովը, հակառակը՝ կտրականապես մերժում է «ստատուս քվոյի» ցանկացած պահպանում`ասելով. - «Lեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի խաղաղ, օրինական ժողովրդավարական գործընթացի շրջանակներում, որի հիմքում էթնիկ մաքրումների արդյունքներ լինել չեն կարող»:

«Գրավյալ տարածքների վերադարձին զուգահեռ պետք է ապաշրջափակվեն բոլոր տրանսպորտային ուղիները», - պնդել է Մամեդյարովը` հատուկ հիշատակելով Lաչինի միջանցքը, որը, ըստ Ադբրեջանի արտգործնախարարի, պետք է օգտագործեն թե’ հայերը եւ թե’ ադրբեջանցիները:

Ինչ վերաբերում է հարցի կարգավորման տնտեսական բաղկացուցիչներին, ապա այստեղ, ըստ Մամեդյարովի, ադրբեջանական կառավարությունը պատրաստ է աջակցել Lեռնային Ղարաբաղի «երկու համայնքներին»` ենթակառուցվածքների վերականգնման հարցում` ներդրումների ներգրավման միջոցով:

Իսկ Ղարաբաղյան կարգավորման կարեւորագույն նպատակներից մեկը, ըստ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի՝ «գրավյալ տարածքների ազատագրումն է եւ ադրբեջանական բնակչության վերադարձը»:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG