Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյան. «Հայաստանում կիրառելի է հայաստանյան տրանսֆորմացիայի հրամայականը»


Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի նախաձեռնությամբ հինգշաբթի օրը Կիեւում մեկնարկած «Ժողովրդավարական ընտրության միջազգային հանրության» ֆորումում ելույթ է ունեցել Հայաստանի առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Յուրաքանչյուր երկիր ունի իր ժամանակակից եւ պատմական յուրահատկությունները, ուստի շատ դժվար է պատկերացնել, որ ազգային, ժողովրդավարական տրանսֆորմացիայի մի դասը, նախադեպը կարելի է ամբողջովին, մեթոդաբանորեն կիրառել մեկ այլ երկրում», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Անդրադառնալով «նարնջագույն հեղափոխությունների» կամ հետխորհրդային տարածքում վերափոխությունների մոդելի կիրառմանը Հայաստանում, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը նշեց, թե Հայաստանում կիրառելի է հայաստանյան տրանսֆորմացիայի հրամայականը. - «Վստահ եմ, որ հայ ժողովուրդը, մեր սերունդը այդ վերափոխումը կատարելու է, եւ դա լինելու է հայկական ժառանգության չափանիշների ազատության տենչանքին համապատասխան»:

Ինչ վերաբերում է Հայաստանի ազգային ժողովրդավարության տարբերակին, ապա, Րաֆֆի Հովհաննիսյանի պատկերացմամբ՝ «Հայաստանի քաղաքացին պետք է լինի ազատ, մի օր պետք է տեսնենք, որ այդ ազատությունը ապահովում է ինքը, իշխանությունը խաղեր չի տալիս՝ մարդկանց արտահայտվելու՝ սահմանադրական իրավունքը խափանելու նպատակով, Ազատության հրապարակը չի լցնում դպրոցներից բերված երեխաներով»:

«Նոր Հայաստանում ապահովվելու է իրավունքը, ըստ որի Ազատության հրապարակը բոլորին է պատկանում», - համոզված է Հովհաննիսյանը: - «Մի օր գալու է, երբ Հայաստանի լրագրողները կարողանան ո'չ հեգնել, եւ ո'չ էլ վախենալ, այլ պարզապես ներկայացնեն ողջ տեղեկատվությունը, իսկ հատուկ ծառայությունները, ոստիկանությունը, բանակը, պետք է լինեն ազգային հպարտության աղբյուրը, այդ նույն ազատության ապահովողները»:

«Եթե Հայաստանը լինելու է տարածաշրջանային առաջատար, խնդիրները լուծելու ենք արտաքին աշխարհի հետ, արտաքին քաղաքական ճակատում, արցախյան ճակատում, ապա մենք պիտի դառնանք ազատ ժողովրդավարական երկիր եւ դա անելու ենք միասին՝ առանց վախենալու, հավաքվելով, եւ վերջապես մեր երկիրը՝ երկիր դարձնելով», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG