Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Րաֆֆի Հովհաննիսյանին օդանավակայանում խուզարկելը «Ժառանգություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Վարդան Խաչատրյանը «Առավոտ»-ում գնահատում է որպես «Հայաստանի Հանրապետությունում տոտալ բռնաճնշման մասին փաստող մի դրվագ, որը նպատակ ունի վախեցնել հասարակությանը»:


«Հայոց աշխարհ»-ի ներկայացմանբ՝ փոքրիկ միջադեպ է տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանում. - «Կիեւ ուղեւորվող «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի անձնական իրերը եւ փաստաթղթերը մանրազնին ուսումնասիրության են ենթարկվել: Կարճատեւ բանավեճից հետո միջադեպը հարթվել է, եւ Րաֆֆի Հովհաննիսյանը բարձրացել է ինքնաթիռ»:

«Առավոտ»-ի փոխանցմամբ, ըստ իրավաբան Վարդան Պողոսյանի, մեր երկրում դժվար է գտնել որեւէ մեկին, որը կհավատա, թե սահմանադրական փոփոխություններին մասնակացել է 1,5 միլիոն մարդ, եւ նրանց 93 տոկոսը «այո» է ասել դրանց: Իսկ եթե այնուամենայնիվ կգտնվեն մարդիկ, որ կհավատան այդ թվերին, ապա նրանց Պողոսյանն առաջարկել է դիմել հոգեբույժի:

«Ակնհայտ է, որ լցոնումներ եղել են, եւ ես համամիտ եմ, որ դա մեզ պատիվ չի բերում: Եվ բոլոր նրանք, ովքեր արջի ծառայություն են մատուցել, գործել են մեր առաջընթացի դեմ», - «Առավոտ»-ում հայտարարում է Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը՝ «ջրից չոր հանելով քաղաքական գործիչներին»: - «Գիտեք, քաղաքական գործիչները կամ ուժերը ոչ մի ազդեցություն չունեն կրիմինալ հոգեբանությամբ առաջնորդվող որոշ մարդկանց նկատմամբ, որոնք իրենց շեֆերին հաճոյանալու համար պատրաստ են ամեն ինչի»: Ազգային ժողովի նախագահի կարծիքով, այս ամենից պետք է լուրջ «քաղաքական եւ իրավական հետեւություններ անել». - «Ակնհայտ է, որ հասարակության մեջ հույսի եւ հավատի ճգնաժամ է կուտակված: Եվ այն էլ՝ բավականին տեւական ժամանակ: Ու, ցավոք, հանրաքվեն էլ անցավ այս մթնոլորտում, ուստի խորքային գհահատականներ են անհրաժեշտ ոչ միայն իրավիճակը հասկանալու, այլ նաեւ ելքեր առաջարկելու կամ գոնե հասարակական քննարկում նախաձեռնելու համար»:

«Ընդդիմության հանրահավաքում հայտարարում են, որ ուկրաինական Մայդանում ելույթ ունենալուց հետո գոնե հանուն ժողովրդավարության հաղթանակի՝ հայկական մայդանում պիտի ելույթ ունենաք, ինչո՞ւ մեր մայդան չեք գալիս» հարցին Արթուր Բաղդասարյանը պատասխանում է. - «Ինձ համար այսօր ելույթների հրապարակը Ազգային ժողովն է, որտեղ դրված է երկրի թիվ մեկ խոսափողը»:

«Ես ինքս բաց եմ քվարկել», - «168 ժամ»-ում պարծենում է Միավորված կոմունիստական կուսակցության առաջնորդ Յուրի Մանուկյանը: «Հանրապետության նախագահն էլ է բաց քվեարկել: Հոյակապ է: Օրենքի ի՞նչ խախտում է: Դա իմ մասնավոր կարգն է. ես քվեաթերթիկը վերցնում եմ եւ, ժամանակ չկորցնելու համար, անմիջապես քվեարկում եմ եւ գցում եմ արկղը: Եթե ես չեմ գնում խցիկ, այլ սեղանի վրա քվեարկում եմ, որ բոլորը տեսնեն, որ ես «այո» եմ քվեարկում, ի՞նչ վատ բան կա դրա մեջ», - զարմանում է Յուրի Մանուկյանը:

«Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո հայոց աշխարհը շուռ չեկավ», - գրում է «Հայոց աշխարհ» թերթը: - «Ճիշտ հակառակը՝ որքան էլ ոմանց համար տհաճ է՝ եղավ այն, ինչ լինելու էր... Նոյեմբերի 27-ին խոստացված «կուլմինացիան» չկայացավ, բոյկոտի մարտավարությանը ոչ համահունչ «մայդանական» կրքեր բորբոքելու նախաձեռնությունները տապալվեցին, եւ հիմա «հայ հեղափոխական ընդդիմության» լիդերները հերթական անգամ փորձում են հիմնավորել՝ ինչպե՞ս եղավ, որ ազատական շարժումն այս անգամ էլ վիժեց, եւ փրկիչները վերստին հայտնվեցին կոտրած տաշտակի առաջ»: Մեկ այլ հրապարակմամբ էլ նույն թերթը շարունակում է. - «Այդպես էլ ի վիճակի չլինելով հավաքել «կրիտիկական մասսան»՝ արմատականները թայմ-աուտ վերցրեցին մինչեւ ուրբաթ: Առանց սխալվելու չնչին իսկ հավանականության, կարելի է ենթադրել, որ վաղը նրանց սպասում է ճիշտ նույն արդյունքը... Եվ այդժամ կմնա միայն մի բան. անփառունակ լքել քաղաքական դաշտը»:

Ըստ «Գոլոս Արմենիի»-ի, Հայաստանում նունիսկ արդեն ամենաբողոքավոր զանգվածը հասկացել է, որ «այսպիսի ընդդիմությունը միայն ավելորդ բեռ է հարկատուների վզին». - «Հարկատուներին անհրաժեշտ է այնպիսի ընդդիմություն, որը կգործի հարկատուների, այլ ոչ թե իրենց ամբիացիաների համար... Ահա թե ինչու արմատականները չեն կարող սպասել մինչեւ 2007 թվականը, քանզի ժամանակն աշխատում է նրանց դեմ»:

«168 ժամ»-ում քաղաքագետ Աղասի Ենոքյանը ընդգծում է. - «Այս հանրաքվեով եւս մեկ անգամ Քոչարյանը ցույց տվեց, որ ժողովրդի կարծիքն իր համար ոչինչ է: Ինքն է թուղթ ստորագրողը, ինքն է թուղթ, տվյալ դեպքում՝ Սահմանադրություն ստեղծողը՝ անկախ այն բանից, թե ժողովուրդն ինչ է ասում ու ինչ է անում»: Քաղաքագետի սահմանմամբ՝ այս պետության մեջ «որեւէ քայլ, որեւէ նշանակում, որեւէ պաշտոնյա, վճարված որեւէ հարկ այլեւս օրինական չէ, քանի որ օրինական չէ նաեւ երկրի մայր օրենքը՝ Սահմանադրությունը»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG