Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ի տվյալներով, քաղաքացիները մեծ ակտիվություն են դրսեւորում


Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկություններով, մինչեւ ժամը 14-ը ընտրատեղամասեր են այցելել 597 հազար 548 մարդ, ինչը կազմում է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 26,1 տոկոսը: Արտասահմանում քվեարկել է 5 հազար 230 ընտրող:

Ըստ ժամը 12-ին հրապարակած թվերի, ժամը 11-ի տվյալներով քվեարկել էր 223 հազար մարդ, ուստի ստացվում է, որ երեք ժամվա ընթացքում ընտրատեղամաս են այցելել ավելի քան 370 հազար ընտրողներ:

ԿԸՀ-ի նախագահի տեղակալ Աբրահամ Բախչագյուլյանը նման ակտիվությունը «նորմալ» որակեց՝ ասելով, որ մոտավորապես նույնպիսի ակտիվություն է արձանագրվել նաեւ նախորդ ընտրությունների ժամանակ:

Համեմատության համար նշենք, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ 2003 թվականի մարտին, ԿԸՀ-ի տվյալներով, առաջին ժամերին քվեարկել էր ընդամենը 100 հազար մարդ: Ուստի ստացվում է, որ հետաքրքրությունը սահմանադրական հանրաքվեի նկատմամբ շատ ավելի բարձր է, քան նախագահական ընտրությունների նկատմամբ:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG