Մատչելիության հղումներ

Այսօր կանանց նկատմամբ բռնությունների դեմ պայքարի օրն է


1999 թվականին ՄԱԿ-ը նոյեմբերի 25-ը հայտարարել է կանանց նկատմամբ բռնություններն արմատախիլ անելու միջազգային օր:

Ասիայում եւ Աֆրիկայում այս առումով իրավիճակը պատկերացնելու առումով ցուցադրական է այն, որ նույնիսկ Ֆրանսիայում յուրաքանչյուր 4-րդ օրը մեկ կին է մահանում բռնությունների արդյունքում:

«Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ բռնությունները կանանց նկատմամբ լայնորեն տարածված են աշխարհի բոլոր պետություններում, եւ դա մարդու իրավունքների ոտնահարման ամենատարածված տարատեսակն է բոլոր հասարակություններում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Amnesty International իրավապաշտպան կազմակերպության խոսնակ Սարիա Ռոբերթսը: - «Յուրաքանչյուր օր աշխարհի տարբեր անկյուններում կանայք ենթարկվում են ծեծի ու նվաստացումների»:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած հետազոտության արդյունքների համաձայն, կանանց դեմ ամենատարածված բռնությունը «սեփական տանը ամուսնու կամ ընկերոջ կողմից կիրառվող» բռնությունն է:

Բռնության է ենթարկվում աշխարհում յուրաքանչյուր երրորդ կին: Ինչ վերաբերում է պետություններին, ապա բացառություններ, ավաղ, չկան: Անգամ Կանադայում կանանց 29 տոկոսը, իսկ Միացյալ Նահանգներում՝ 22 տոկոսը, ըստ Amnesty International-ի, տարբեր բռնությունների են ենթարկվում:

Ռուսաստանում յուրաքանչյուր 40 րոպեում մեկ կին է սպանվում տնային բռնության արդյունքում: Հայաստանի մասին վիճակագրական տվյալներ չեն հաղորդվում:


Աննա Կարապետյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG