Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«2008 թվականի նախագահական ընտրություններում ՀՅԴ-ն մտադիր է հանդես գալ սեփական թեկնածուով: Այդ մասին հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Նա ընդգծել է, որ հանրապետությունում տեղ գտած «սուբյեկտիվ երեւույթները» վերացնելու համար ՀՅԴ-ն պետք է գա իշխանության», - փոխանցում է «168 ժամ» թերթը՝ հավելելով. - «Նա չի նշել ՀՅԴ հնարավոր թեկնածուի անունը՝ ասելով, որ, ի տարբերություն մյուս քաղաքական ուժերի, ՀՅԴ-ն շատ արժանի թեկնածուներ ունի պետության ղեկավարի պաշտոնի համար»:

«Ընդդիմության կողմից նշվում է, որ եթե իրենց ներկայացուցիչները չմասնակցեն հանձնաժողովների աշխատանքներին, դրանք այլեւս լեգիտիմ չեն լինի, ուստի հանրաքվեն էլ լեգիտիմ չէ». «Հայոց աշխարհ»-ի այս դիտարկմանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը պատասխանում է. - «Յուրաքանչուր ոք կարող է ասել կամ պնդել ինչ ցանկանում է: Եթե անգամ հանձնաժողովի ոչ թե երկու, այլ երեք անդամ չկատարի իր պարտականությունները, դրանից լեգիտիմության խնդիր առաջանալ չի կարող»: Օրենսդրության ծիրում էլ Ազարյանը պարզաբանում է. - «Ընտրական օրենսգրքի սահմաններում այդ որոշումները իրագործել հնարավոր չէ: Ինչպես Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, այնպես էլ ընտրատարածքային եւ տեղամասային հանձնաժողովներում ընդգրկված անդամների հետկանչի իրավունք գոյություն չունի: Ընտրական օրենսգիրքը հանձնաժողովի անդամի հետկանչի մեխանիզմ չի սահմանում, եւ հենց դրանով է պայմանավորված հանձնաժողովի անդամի անկողմնակալությունը»:

Ներկայացնելով Դաշնակցության նախաձեռնությամբ երեկ խորհրդարանում անցկացված խորհրդաժողովը, որի նպատակն էր սահմանադրական փոփոխությունների շուրջ կայացնել ազգային համաձայնություն, կամ գոնե ստեղծել դրա հնավորությունը՝ «Հայկական ժամանակ»-ը նյութի նախաբանում ընդգծում է. - «Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մնացել է երեք օր, եւ այդ 72 ժամվա ընթացքում Դաշնակցությունը որոշել է կայացնել մի բան, որը հայ ժողովրդին հնարավոր չի եղել կայացնել մի քանի դար շարունակ»:

«Արդյոք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից երեք օր առաջ Հայաստանում ձեւավորվե՞լ է վստահության մթնոլորտ, ինչն ապահովելու կոչով դեռ օգոստոսին ՀՀ իշխանություններին էր դիմել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռենե վան դեր Լինդենը». - «Առավոտ»-ի այս հարցադրմանը «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը պատասխանել է. - «Վստահության մթնոլոտի մասին խոսելն ուղղակի ծիծաղելի է, քանի որ շարունակվում է ընդդիմության նկատմամբ տեղեկատվական բլոկադան»:
«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Հովսեփ Խուրշուդյանը նույն թերթին փոխանցել է, թե իշխանությունները շարունակում են խոչընդոտել կուսակցության գործունեությունը. - «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարել է, որ նոյեմբերի 25-ին Երեւանում, Ազատության հրապարակում քաղաքացիական ժողով է հրավիրում: Արդեն երեկ տեղական իշխանության ներկայացուցիչները զանգահարել են կուսակցության տեղական կառույցների անդամներին ու «բարի խորհուրդներ» տվել՝ չգնալ-չմասնակցել այդ միջոցառմանը: Թե չէ վատ կլինի»:

«Ժառանգություն»-ը նշված վայրում քաղաքացիական ժողով անցկացնելու մտադրության մասին իրազեկել է Երեւանի քաղաքապետարանին, սակայն վերջինս պատասխանել է, որ իրենք չեն կարող տվյալ միջոցառումը անցկացնել «այո» քարոզչական համերգի պատճառով», - գրում է «Հայկական ժամանակ»-ը՝ տեղեկացնելով, որ Երեւանի քաղաքապետարանը Ազատության հրապարակում համերգներ է նախատեսել նաեւ նոյեմբերի 27-ին, 28-ին, 29-ին: «Այս փաստը Րաֆֆի Հովհաննիսյանի գրասենյակին առանձնապես չի հուզում», - նշված է թերթում: «ժառանգություն»-ից «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ իրենք նոյեմբերի 25-ին սկսում են «շարունակական ակցիա, որի ավարտի ժամկետները հնարավոր չէ կանխատեսել»:

«Սահմանադրական հանրաքվեի օրվա մոտենալու հետ մեկտեղ ավելանում են նաեւ հավանական ելքի տարաբնույթ մեկնաբանություններն ու գուշակությունները», - արձանագրում է «Հայոց աշխարհ»-ը՝ նկատելով. - «Սակայն հաճախ նման կանխատեսումների առանցքում ոչ թե սահմանադրական փոփոխությունների հանդեպ հանրության դիրքորոշումը նախապես պարզելու հարցն է, այլ «այո»-ի կամ բոյկոտի կողմնակիցների հավանական հաղթանակի քաղաքական շահարկումը»: Մեկնաբանի հայացքով՝ նոյեմբերի 27-ի հանրաքվեի արդյունքների վերաբերյալ արտահայտվող իրարամերժ տեսակետները սկսել են նմանվել մարզական կարեւոր մրցումների եզրափակիչից առաջ «երկրպագուների» կողմից արվող կանխատեսումների: «Երբեմն նույնսիկ թվում է, թե պակասում է միայն «Տոտո» միջազգային բուքմեյքերական ընկերության մասնակցությունը», - հեգնում է թերթը:

«Մեծ հաշվով ես ոչ թե հավատում եմ «այո»-ի քարոզիչների հաղթանակին, այլ՝ մեր ժողովրդի բնազդին: Դրա համար վստահ եմ, որ «այո» է ասվելու», - «Հայոց աշխարհ»-ում ասում է Ալվարդ Պետրոսյանը՝ հավելելով. - «Չի կարելի շարունակ ժողովրդին խուճապի մեջ պահել: Անվերջ կատակլիզմի, աղետի հոգեբանությունը ժողովրդի վրա կախել չի կարելի»:

Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը վերջերս Լագոսում հանդիպել է Նիգերիայի նախագահի հետ՝ 2003 թվականից այդ երկրում բանտարկված 12 ռուս նավաստիներին վերջնականապես Ռուսաստան վերադարձնելու առաքելությամբ», - տեղեկացնում է «Ազգ»-ը, որի լրագրողի հետ զրույցում Արա Աբրահամյանն ասել է. - «Հարցը 99 տոկոսով լուծված է: Ձեռք է բերվել շատ հստակ պայմանավորվածություն: Նավաստիներին բանտից ազատել ենք, նրանք գտնվում են Լագոսում՝ Ռուսաստանի դեսպանատանը»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG