Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ը խմբագրականում փաստում է. - «Վերջին 10 տարում նկատվում է հասարակության եւ մասնավորապես նրա քաղաքականացված մասի մտավոր կարողությունների բացասական դինամիկա. 1993-1995 թվականներին իշխանությունն ու ընդդիմությունը ավելի լուրջ էին մոտենում Սահմանադրության ստեղծմանը, քան այսօր՝ նրա փոփոխմանը: Հիշենք թեկուզ, որ այդ ժամանակահատվածում սկզբից Դաշնակցությունը, այնուհետեւ ընդդիմադիր 5 կուսակցություններ հանրությանը առաջարկեցին Սահմանադրության իրենց նախագիծը, եւ երկու դեպքում էլ նրանց հետ համագործակցում էր պետական իրավունքի այնպիսի փայլուն մասնագետ, ինչպիսին Վլադիմիր Նազարյանն էր, որն այնուհետեւ ակտիվորեն մասնակցեց գործող Սահմանադրության ստեղծմանը»: «Առավոտ»-ի գլխավոր խմբագրի կարծիքով, ընդդիմությունը 3 սխալ է գործում. - «Սխալ էր հրաժարվել սահմանադրական փոփոխությունների բովանդակային քննարկումից՝ այն փոխարինելով իշխանափոխության «ավանդական» կոչերով: Սխալ է «ոչ»-ի փոխարեն բոյկոտ քարոզելը՝ դա եւս, ի վերջո, ասելիքի բացակայության նշան է: Սխալ է ընտրական հանձնաժողովներից ներկայացուցիչներին հետ կանչելը, որը հեշտացնում է ընտրակեղծարարների գործը»:

«Հայոց աշխարհ»-ը, իր հերթին, առանձնացնում է ընդդիմության երեք մարտավարությունները. - «Դրանք են. ա) «Արդարություն» դաշինքի մեջ մտնող ուժերի մի մասի, ինչպեսեւ «Հանրապետություն», «Նոր ժամանակներ» կուսակցությունների որդեգրած հեղափոխական հարձակողական մարտավարությունը, բ) ինքնուրույն քաղաքական հայտ ներկայացրած «Ժառանգություն» կուսակցության ու նրա առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկը՝ Ազատության հրապարակում նոյեմբերի 25ից սկսել «անժամկետ ակցիա», գ) ինչպես միշտ, իր «սեփական խաղը» խաղացող Արտաշես Գեղամյանի ու «Ազգային միաբանության» որդեգրած նոր մարտավարությունը, որը խարսխվում է նոյեմբերի 27ին «վճռորոշ ճակատամարտից» եւ առնվազն մինչեւ 2006 թվականի Ղարաբաղյան բանակցությունների վճռորոշ շրջափուլը «ընդդիմության ջախջախումից» խուսափելու, ուժերը պահպանելու կեղծ իրատեսական հորդորների վրա»։

Իսկ «Հայաստանի Հանրապետություն»-ը այսօր գրում է. - «Հաճախ է խոսվում, թե բարեփոխումների տարբերակը պարտադրանք է եվրոպական ընտանիքին ինտեգրվելու ճանապարհին: Մասնագետների կարծիքով, որպես եվրոպական ընտանիքի անդամ, մենք ստանձնել ենք այդ պարտավորությունը, եւ պետք է մեր պետության եւ հասարակության հիմքում դնել եվրոպական կոնվենցիաներով եւ պայմանագրերով նախատեսված իրավական նորմերն ու սկզբունքները»:

«Առավոտ»-ի թղթակիցը հարց է տալիս քաղաքագետ Լեւոն Զուրաբյանին, որը ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակն էր. - «Դուք քննադատում եք սահմանադրական փոփոխությունները: Արդյո՞ք կարելի է եզրակացնել, թե որեւէ դրական բան չեք տեսնում»: Զուրաբյանը պատասխանում է. - «Ո՛չ: Կարծում եմ, որ ներկայացված նախագծում կան բազմաթիվ դրական դրույթներ: Մասնավորապես՝ Սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեցող սուբյեկտների թվի ավելացումը, մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի հաստատումը եւ այլն: Բայց խնդիրն այն է, որ թերություններն այնքան վտանգավոր են, որ գերակշռում են բոլոր այս լավ գաղափարներին: Հիմնական կողմնորոշիչ հարցն է՝ արդյոք այս փոփոխությունների ընդունումն ավելի ժողովրդավարակա՞ն կդարձնի Հայաստանը: Կարծում եմ՝ առկա վիճակում այս նախագծի ընդունումը միայն կնպաստի՛ ոչ ժողովրդավարական, կոռումպացված եւ օլիգարխիկ քաղաքական համակարգի ամրապնդմանը»:

«Ազգ»-ը իր ֆոտոներդիրում զետեղում է Ֆրանսիայում բնակվող փիլիսոփա Սթիվեն Ռայթի խոսքերը. - «Ինչը կարող է ավելի հոգնեցնող եւ խթանիչ լինել, եթե ոչ հանրային երջանկությունը, որը վերապրում ենք համատեղ գործելիս»: «Մեջբերելով Աթիվեն Ռայթին՝ փորձ է արվում մինչեւ 27.11.2005 թվականի սահմանադրական փոփոխությունների հետ կապված հանրաքվեն, շրջանառության մեջ դնել «հանրային երջանկություն» գաղափարը», - ավելացնում է «Ազգ»-ը:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG