Մատչելիության հղումներ

Ապարանի քաղաքապետ է ընտրվել Գոռ Աբրահամյանը


Նախնական տվյալներով, կիրակի օրը Ապարանի քաղաքապետի ընտրություններում «Նիգ - Ապարան» հայրենակցական միության վարչության անդամ Գոռ Աբրահամյանը մոտ 190 ձայնի առավելությամբ հաղթել է գործող քաղաքապետին՝ նույն հայրենակցական միության փոխնախագահ Ռազմիկ Պետրոսյանին:

«Նիգ - Ապարան» հայրենակցական միությունը, հիշեցնենք, ի դեմս պատվավոր նախագահ, երկրի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եւ պատգամավոր Լեւոն Խաչատրյանի, սատարում էր հենց Գոռ Աբրահամյանին:

Ընտրության նախնական արդյունքն իմանալուց հետո ապարանցիներից հավաքվել են քաղաքի հրապարակում եւ մինչեւ առավոտ պահանջել են անվավեր ճանաչել ընտրությունները: Նույնիսկ երկուշաբթի կեսօրին հրապարակի տարբեր հատվածներում շարունակում էին ծխալ դեռ գիշերը վառված կրակները:

«Ընտրությունների օրը քաղաքում ու ընտրատեղամասերում մեզնից շատ կարմիր բերետավոր կար», - «Ազատություն» ռադիոկայանին ասացին Ռազմիկ Պետրոսյանի կողմնակիցները: - «Այդպիսի բան չէր եղել, սա առաջին դեպքն է... Ինչո՞ւ պետք է երեւանցին խառնվի Ապարանի ընտրություններին»:

«Հայրենակցական միությունն ի՞նչ կապ ունի մեր ընտրությունների հետ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տարակուսում էին ապարանցիները: - «Հայրենակցական միությունը կուսակցություն չէ, նա էլ [Աղվան Հովսեփյանը] դատախազ է... Ինչո՞ւ էին եկել»:

Ռազմիկ Պետրոսյանի համակիրները պնդում են, թե տեսագրել են ընտրակաշառքի բաժանման մի քանի դեպք եւ պատրաստվում են դրանք ներկայացնել դատարան՝ բողոքարկման ժամանակ:

«Մենք շատ փաստեր ունենք», - ասաց Ապարանի երկրապահ կառույցի նախագահ Արայիկ Հոկաբյանը՝ հավելելով, թե հրապարակում հավաքված ժողովուրդը մի քանի ժամ շարունակ փակել էր միջհամայնքային ճանապարհը: - «ժողովուրդն էլի կմնար, սակայն մենք վախեցանք հնարավոր սադրանքներից ու խնդրեցինք, որ տուն գնան»:

Հարկ է նշել, որ այս ընտրություններում լարվածությանը զուգընթաց մեծ է եղել նաեւ ընտրողների մասնակցությունը: Երեկ ընտրատեղամաս է եկել ավելի քան 3000 ընտրող, մինչդեռ Ապարանում, ըստ ընտրական հանձնաժողովի տվյալների, երբեք այսքան մեծ ակտիվություն չի գրանցվել: Պետրոսյանի կողմնակիցների պնդմամբ, ընտրելու էին եկել վաղուց Ապարանում չբնակվող եւ նախորդ ընտրություններին չմասնակցած ապարանցիներ:


Հեղինե Բունիաթյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG