Մատչելիության հղումներ

Աճել է կազմակերպված հանցավորության ճնշումը գործարարների վրա


Ըստ Համաշխարհային բանկի եւ Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի համատեղ ուսումնասիրության, որի առարկան Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի, ինչպես նաեւ նախկին Խորհրդային Միության 27 երկրների գործարար միջավայրն է եղել, Հայաստանում վերջին երեք տարվա ընթացքում կազմակերպված հանցավորության ճնշումը բիզնեսի վրա աճել է:

Եթե երեք տարի առաջ մաֆիայի ազդեցությունը բիզնեսի խոչընդոտ էր համարում հարցված գործարարների 10 տոկոսից ոչ ավելին, ապա վերջին հարցման համաձայն այդ կարծիքին է Հայաստանի գործարարների ավելի քան 15 տոկոսը։

Ընդհանրապես գործարար միջավայրի 21 ցուցանիշներից
հարցված ենթարկված 200 ընկերությունների ղեկավարները 11-ի գծով առաջընթաց են տեսնում, 10-ի գծով՝ ետընթաց։ Այսպես, եթե երեք տարի առաջ գործարարների ավելի քան 60 տոկոսը պետության միջամտությունը տնտեսությանը լուրջ խոչընդոտ էր համարում, ապա այսօր հարցվածների միայն 30 տոկոսն է այդ կարծիքին։

Մյուս կողմից, գործարարների 55 տոկոսից ավելին պատասխանել է, թե բիզնեսի մակրոտնտեսական պայմանները վատացել են՝ նկատի ունենալով ազգային դրամի չափազանց արժեվորումը։ Իսկ արտարժույթի շուկայի անկայունությունը գործարարները համարել են բիզնեսի գլխավոր խոչընդոտներից մեկը։

Հարցման համաձայն, Հայաստանում կոռուպցիայի գնահատականը եւս աճել է՝ 26 տոկոսից հասնելով 35 տոկոսի։

Հայաստանում թեեւ նվազել է գործարարների կողմից չինովնիկներին կաշառք տալու հաճախականությունը, սակայն կաշառքի միջին չափն աճել է. ըստ հարցման, եթե երեք տարի առաջ գործարարներն իբրեւ կաշառք պաշտոնյաներին վճարում էին իրենց տարեկան շրջանառության 1 տոկոսից էլ պակաս մասը, ապա այժմ այն մոտ 1,3 տոկոս է կազմում։

Համաշխարհային բանկի հարցումը կաշառատվության մեծ թռիչք է արձանագրել հատկապես հարկային եւ մաքսային ոլորտներում. օրինակ, եթե երեք տարի առաջ մաքսազերծման համար հաճախակի կաշառք էր տալիս հարցված գործարարների միայն 2 տոկոսը, ապա այժմ այդ ցուցանիշը անցել է 13 տոկոսը:

Հարկմանն առնչվող խնդիրները լուծելու նպատակով հայաստանյան գործարարները վերջին երեք տարիներին հաճախացրել են կաշառքների վճարումը հարկային պաշտոնյաներին. եթե 2002-ին հարցերը կաշառքի միջոցով հաճախակի լուծում էր գործարարների ընդամենը 5 տոկոսը, ապա վերջին հարցման համաձայն 18 տոկոսը նման գործալաոճ ունի։

Հարցմամբ ընդգրկվել են նաեւ օտարերկրյա կապիտալով ընկերություններ։ Սրանց մեջ քիչ չեն սփյուռքահայերի ներդրումները։ Սփյուռքահայ գործարարների մի ստվար մասի կարծիքով, Հայաստանի բիզնես միջավայրը բարելավվել է. ընդ որում, դա ավելի շատ տեսանելի է երկար ժամկետի՝ ասենք, վերջին 10 տարիների կտրվածքով:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG