Մատչելիության հղումներ

Շավարշ Քոչարյան. «Եվրոպական կառույցները համարում են, որ Հայաստանում ավելիին հասնել հնարավոր չէ»


Հինգշաբթի օրը ավարտվեց հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովում դիտորդների հավատարմագրման համար հայտեր ներկայացնելու ժամկետը եւ պարզ դարձավ, որ նոյեմբերի 27-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքին հետեւելու համար ոչ ԵԱՀԿ-ից եւ ոչ էլ ԱՊՀ-ից դիտորդներ չեն լինելու:

«Առայժմ հավատարմագրվել են դիտորդներ 10-ը կուսակացություններից, հիմնականում ընդդիմադիր, եւ18 հասարակական կազմակերպությունից: Ունենք մեկ միջազգային կազմակրեպություն՝ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ժամանակավոր հանձնաժողովը, որը Հայաստան կուղարկի 18 դիտորդ» - «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:

Թե ինչու ԱՊՀ-ից եւ ԵԱՀԿ-ից հայտեր չեն եղել, տեղեկություններ եւ պարզաբանումներ չկան: Պաշտոնական աղբյուրներն այս մասին լռում են: Արտգործնախարարության մամլո խոսնակ Համլետ Գասպարյանը, օրինակ, նախ ասաց, որ պատճառների մասին մեկնաբանություններ կամ պարզաբանումներ տալու իրավասություն չունի, ապա նաեւ հավելեց. «Տեղյակ չեմ»:

«Սովորաբար դիտոդական առաքելություն կազմելու համար ԵԱՀԿ-ին պահանջվում է մոտ մեկ ամիս: Այսինքն՝ հանրաքվեից մեկ ամիս առաջ ակնհայտ էր, որ այդ գործը տապալվում է», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Ազգային ժողովրդավարական դաշինք կուսակցության ղեկավար պատգամավոր Շավարշ Քոչարյանը:

«Դեռեւս գարնանը Եվրախորհրդի Բյուրոն նախնական որոշում էր կայացրել Հայաստան ուղարկել 10 դիտորդ: Իսկ երբ եղավ Հայաստանի հարցի քննարկումը եւ բանաձեւ ընդունվեց՝ Հայաստանում առաջին ընթերցմամբ ընդունված խայտառակ նախագծից հետո, Բյուրոն նոր որոշում կայացրեց եւ որոշեց 40 հոգի ուղարկել՝ աննախադեպ մեծ պատվիրակություն», - հայտնեց պատգամավորը:

Քոչարյանը նաեւ ավելացրեց, որ «սովորաբար ԵԽ փոքրաթիվ դիտորդները առաքելություն են իրականացնում ԵԱՀԿ-ի ֆինանսական եւ կազմակերպչական աջակցության շնորհիվ, իսկ եթե գալիս են միայն Եվրախորհդի դիտորդների՝ առանց ԵԱՀԿ առաքելության, դա ավելի շուտ նման է տուրիստական արշավի»:

Ըստ Շավարշ Քոչարյանի, «եվրոպական կառույցները համարում են, որ իրենք Հայաստանի իշխանությունների հետ ձեռք բերված փոխզիջումների արդյունքում հասել են լուրջ հաջողության, այսինքն Հայաստանում ավելիին հասնել հնարավոր չէր՝ այսքանն արդեն համարելով առաջընթաց եւ լուրջ հաջողություն»:

Այսօրվանից «Տիգրան մեծ» հրատարակչությունը սկսել է տպագրել հանրաքվեի քվեաթերթիկները՝ 2 միլիոն 334 հազար 300 հատ: Իսկ ԿԸՀ մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանի փոխանցմամբ, Հայաստանում ընտրողների թիվը, նախնական տվյալներով, 2 միլիոն 266 հազար 404 է:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG