Մատչելիության հղումներ

«Միացյալ Նահանգները Կարս - Ախալքալակ երկաթուղուն ֆինանսական աջակցություն չի խոստացել»


Ամերիկայի հայկական համագումարը հաղորդում է, որ Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնախմբի անդամները շարունակում են հայ-թուրքական հարաբերություններին առնչվող գրավոր հարցեր ուղղել Թուրքիայում ԱՄՆ-ի նոր դեսպանի թեկնածու Ռոս Ուիլսոնին:

Պատասխանելով Հայաստանի շրջափակմանը եւ Հայաստանը շրջանցող Կարս-Ախալքալակ երկաթուղու շինարարության նախագծին վերաբերող սենատոր Փոլ Սարբանեսի հարցին՝ Ռոս Ուիլսոնը պատասխանել է. «Միացյալ Նահանգները որեւէ ֆինանսական աջակցություն չի խոստացել այդ նախագծին: Լսումների ժամանակ ես արդեն հայտնել եմ կարծիքս, որ Թուրքիան պետք է բացի Հայաստանի հետ սահմանը»:

«Ես նաեւ կարծում եմ, որ ԱՄՆ-ը պետք է շարունակի խրախուսել տարածաշրջանային ինտեգրումը, որում կներգրավվեն Կովկասի բոլոր երկրները: Առեւտրային խոչընդոտների վերացումը կխթանի տարածաշրջանային ինտեգրումը եւ կարագացնի տնտեսական համագործակցությունն ու զարգացումը», - ավելացրել է Ռոս Ուիլսոնը:

Սենատոր Սարբանեսը անդրադարձել է նաեւ Թուքրիայում հայկական կոթողների ու մշակութային արժեքների վերականգնման արգելքին, եւ պնդել, որ դրանց մի մասը կանխամտածված կերպով ոչնչացվել է: Սարբանեսը հարցրել է Ուիլսոնին՝ ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել այս ուղղությամբ, ինչին ի պատասխան, Ուիլսոնը նշել է, թե «նշանակվելու դեպքում խրախուսելու է Թուրքիայի կառավարությանը ավելի մեծ ջանքեր գործադրել՝ պաշտպանության տակ առնել եւ թույլատրել բոլոր կրոնների մշակութային եւ կրոնական արժեքները»:

«Ես կաջակցեմ, որպեսզի Թուրքիայի կառավարությունը շարունակի աջակցել Աղթամար կղզու վերականգնման աշխատանքներին եւ տարածի այս գործունեությունը նաեւ հիմանական մյուս հայկական կոթողների վրա», - հայտարարել է Ռոս Ուիլսոնը:

Դեսպանի թեկնածության վերջանական հաստատումը այս հանձնաժողովում ապա նաեւ ողջ Սենատում սպասվում է մինչեւ նոյեմբերի 24-ը: Ռոս Ուիլսոնը նախկինում Միացյալ Նահանգների դեսպանն էր Ադրբեջանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG