Մատչելիության հղումներ

Էդինբուրգի քաղաքային խորհուրդը ճանաչեց հայոց ցեղասպանությունը


Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգի քաղաքային խորհուրդը ձայների 29 «կողմ» եւ 16 «դեմ» հարաբերակցությամբ հինգշաբթի օրը ընդունել է քաղաքային խորհրդի նախագահ Դոնալդ Անդերսոնի կողմից պատրաստված եւ ներկայացված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշման նախագիծը:

Էդինբուրգի քաղաքային խորհուրդը նախագիծն ընդունել է՝ հաշվի չառնելով Անգլիայում գործող թուրքական կազմակերպությունների բազմաթիվ բողոքները: Նախագծի ընդունմանը աջակցել են նաեւ Լիբերալ դեմոկրատական կուսակցության անդամները, իսկ դեմ է եղել միայն Պահպանողական կուսակցության խմբակցությունը:

«Այո’, կարծում եմ, համոզիչ ապացույցներ կան, որ սա ցեղասպանություն էր, շատ դժվար է որեւէ այլ կերպ մեկնաբանել պատմական տեղեկությունները», - դեռեւս նախագծի նախապատրաստման փուլում «Ազատություն» ռադիոկայանին հայտարարել էր Դոնալդ Անդերսոնը:

Օգոստոսին Էդինբուրգի թուրքական համայնքը բողոքի նամակ էր հղել Էդինբուրգի քաղաքային խորհրդի ղեկավարին: Բողոքել է նաեւ Մեծ Բրիտանիայում Թուրքիայի դեսպանը: Ի պատասխան այդ բողոքների Դոնալդ Անդերսոնը գրել է, որ «ուսումնասրել է խնդիրը եւ որեւէ կասկած չունի, որ հայկական համայնքը ենթարկվել է Օսմանյան կայսրության կողմից իրականացրած ցեղասպանության»:

«Բազմաթիվ ականատեսների վկայություններ կան, որոնք ամրագրված են փաստաթղթերում, եւ կարծում եմ, որ պատմական փաստերը ակնհայտ են եւ համապատասխանում են ցեղասպանոթւյան նկարագրությանը», - ասված էր Էդինբուրգի քաղաքային խորհրդի ղեկավարի նամակում: Բացի այդ, Դոնալդ Անդերսոնը նաեւ խորհուրդ էր տվել Թուրքիայի դեսպանին «որպես հզոր եւ դինամիկ երկրի դեսպանի՝ վերանայել իր դիրքորոշումն այդ հարցում»:

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը Թուրքիայում իր դեսպան Փիտեր Վեսթմաքքոթի միջոցով օրերս մերժել էր «Կապույտ գիրքը» վերանայելու՝ Թուրքիայի խորհրդարանի հարցապնդումը: Խոսքը 1916 թվականին անգլիացի պետական գործիչ Վիսկոնտ Բրայսի հրատարակած գրքի մասին է, որտեղ տեղ են գտել ցեղասպանության վերբերյալ բազմաթիվ վկայություններ ու փաստեր: Թուրքիայի իշխանությունները կոչ են արել այն չեղյալ հայտարարել, այն հիմնավորմամբ, որ գրքում տեղ գտած փաստերը «պատերազմական շրջանի պրոպագանդա» է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG