Մատչելիության հղումներ

Հայաստանը կմասնակցի թռչնագրիպին նվիրված՝ Եվրամիության քննարկմանը


Եվրամիության նախաձեռնությամբ Աթենքում շաբաթ օրը կայանալու է բալկանյան եւ սեւծովյան ավազանների երկրների առողջապահության ոլորտի պաշտոնյաների եւ փորձագետների հավաք, որին Հայասատնից մասնակցելու է Հունաստանում Հայաստանի դեսպանը: Նախատեսվում է մշակել «տագնապելու եւ վերահսկելու» համատեղ համակարգ՝ թռչնագրիպի տարածումը կանխելու նպատակով:

«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, հավաքին մասնակցելու է նաեւ Եվրամիության առողջապահության հարցերով հանձնակատար Մարկոս Կիպրիանուն, որը, ըստ հավաստի աղբյուրի, մասնակիցներին ակնկալվող ուղերձում նշելու է, թե Եվրամիությունը կարող է որոշիչ դեր խաղալ թռչնագրիպի դեմ պայքարում:

«Հավաքի որոշ մասնակից երկրներ Եվրամիության անդամ պետություններն են, մյուսները այդ ճանապարհին են, մի մասն էլ մեր հարեւաններն են: ԵՄ-ն ցանկանում է ցույց տալ, որ պատրաստ է աջակցել այդ պետություններին եւ օգնել նրանց օգուտ քաղել իր փորձից», - նշել է գործակալության աղբյուրը:

«Ֆրանսպրես»-ը նաեւ նշում է, որ հավաքաին հրավիրված երկրներից Թուրքիան, Ռումինիան, Ռուսաստանը եւ Խորվաթիան՝ թռչնագրիպի դեմ պայքարի փորձ արդեն ունեն, սակայն հարց է՝ կկարողանան արդյոք արդյունավետ համագործակցել քաղաքական եւ տնտեսական տարբերություններ ունեցող այս բոլոր պետությունները, որոնց մի մասի երկկողմ հարաբերությունները բավականին լարված են:

«Ոչ ոք չի այժմ չի կարող ասել՝ ինչ կտա նման հանդիպումը: Հանդիպման սկզբունքները, ինքնին, օգտակար են: Մինչ այժմ ամեն երկիր փորձում էր ինքնուրույն լուծել թռչնագրիպի խնդիրը՝ անտեսելով մյուսների քայլերը եւ ձեռք բերած փորձը», - ասել է «Ֆրանսպրես»-ի անանուն աղբյուրը:

Անցյալ շաբաթ Հայաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Վլադիմիր Դավիդյանցը հայտարարել էր, որ Հայաստանում թռչնագրիպի դեպքեր չեն գրանցվել: «Պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայաստանում մարդկանց մոտ թռչնագրիպի դեպքեր չկան: Դեպքեր չեն արձանագրվել նաեւ կենդանիների եւ թռչունների մոտ: Ամեն օր մենք անցկացնում ենք օպերատիվ խորհրդակցություններ», - նշել էր Վլադիմիր Դավիդյանցը:

Մշակվել է գրիպի եւ թռչնագրիպի դեմ պայքարի ազգային ծրագիր ու շուտով այն կներկայացվի կառավարության հաստատմանը։ «Առողջապահության նախարարությունը ձեռք է բերել թռչնագրիպի դեղամիջոջի որոշակի պաշարներ, ինչպես նաեւ ախտորոշիչ նյութեր», - հայտնել էր Վլադիմիր Դավիդյանցը՝ նկատի ունենալով «Տամիֆլու»-ն, որը մասամբ կարող է մեղմել թռչնագիպը, սակայն, դրա դեմ պատվաստանյութ չէ եւ որի մեկ չափաքանակն արժե 15 եւրո։

Հեղինե Բունիաթյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG