Մատչելիության հղումներ

Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով Սթոքհոլմում


Շվեդիայի հայկական միությունները համակարգող կենտրոնի եւ տեղի համալսարանների նախաձեռնությամբ մայրաքաղաք Սթոքհոլմում այսօր մեկնարկելու է Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված գիտաժողով:

«Գիտաժողովի նպատակն է շվեդ քաղաքական, հասարակական, գիտական եւ մտավորական շրջանակներում արծարծել եւ լուսաբանել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում քրիստոնյա ժողովուրդների, հատկապես՝ հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը», - «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց գիտաժողովի կազմակերպիչ հանձնախմբի անդամ Կարո Հակոբյանը:

Գիտաժողովին հրավիրված են պրոֆեսոր Վահագն Տատրյանը, դեկտոր Թեսա Հոֆմանը երմանիայից, Թուքրիայում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպան, լրագրող եւ հրապարակախոս Ելդա Օսքանը, Շվեդիայի Ռայխսթագի (խորհրդարանի) անդամները եւ նախարարները: Գիտաժողովում պաշտոնական Անկարայի տեսակետը ներկայացնելու է թուրք պատմաբան Քեմալ Չիչեկը:

1989 թվականին՝ Սպիտակի երկրաշարժի տարելիցի կապակցությամբ Սթոքհոլմում հրավիրվեց հայկական միությունների համագումար, որի նպատակն էր ստեղծել հայկական միությունները համակարգող կենտրոնական օրգան՝ Շվեդիայի պետական տարբեր կառույցներում ներկայացնելու հայկական համայնքը:

Կարո Հակոբյանի փոխանցմամբ, կենտրոնը դարձավ այն կորիզը, որի շուրջ կազմվեց նաեւ Եվրոպայի հայերի համագումարը: Համատեղ գործունեության արդյունքում, Եվրախորհրդարանում, ինչպես նաեւ Սթոքհոլմում, Օսլոյում եւ Ռիգայում կազմակերպվեց Արեւմտյան Հայաստանում պատմական հուշարձանները եւ կոթողները ներկայացնոեղ «Մշակութային ցեղասպանություն» խորագրով ցուցահանդեսը:

Գործունեության ընթացքում Շվեդիայի հայկական միությունները համակարգող կենտրոնը իրականացրել է մի շարք միջոցառումներ եւ ծրագրեր, որոնք նպաստեցին 2000 թվականին Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:


Լիլիթ Խալաթյան, Սթոքհոլմ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG