Մատչելիության հղումներ

Դատապաշտպանները պնդում են, որ «Ռոյալ Արմենիա» ընկերության ղեկավարներին ներկայացված մեղադրանքները «շինծու են եւ անհեթեթ»


Երկուշաբթի օրը ասուլիս էին հրավիրել Հայաստան սուրճ ներմուծող խոշորագույն՝ «Ռոյալ Արմենիա» ընկերության ներկայացուցիչները: Ընկերության իրավաբան Գագիկ Մինասյանը ներկայացրեց Հայաստանի նախագահին, գլխավոր դատախազին, Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանին եւ պաշտոնատար այլ անձանց ուղղված բողոք-նամակը:

«2005 թվականի հոկտեմբերի 11-ից կալանավորված են «Ռոյալ-Արմենիա» ընկերության համասեփականատեր Գագիկ Հակոբյանը եւ փոխտնօրեն Արամ Ղազարյանը, ովքեր անմեղ են, իսկ նրանց նկատմամբ հետապնդումն իրականացվում է Հայաստանի մաքսային պետական կոմիտեի եւ ԱՄՆ-ի քաղաքացի Վաչե Պետրոսյանի համատեղ ծրագրած խարդավանքների շնորհիվ», - ասված է ընկերության ներկայացուցիչների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման կապակցությամբ տարածած հայտարարության մեջ:

Գագիկ Հակոբյանը եւ Արամ Ղազարյանը մեղադրվում են հաշիվ-ապրանքագրեր կեղծելու եւ մաքսանենգություն կատարելու մեջ, որն «ամբողջությամբ շինծու եւ անհեթեթ է, իր հիմքում չունի տրամաբանական ապացույցներ եւ լիովին հիմնված է Վաչե Պետրոսյանի զրպարտության ու մաքսային կոմիտեի կազմած «շինծու արձանագրության վրա»: Գագիկ Հակոբյանը մեղադրվում է նաեւ խարդախության մեջ, որի համար հիմք է ծառայել Վաչե Պետրոսյանի հայտարարությունը, թե Հակոբյանը իրեն գումար է պարտք եւ խաբեությամբ հրաժարվել է այն մարել: Այս դեպքում եւս, ըստ փաստաբանների, Վաչե Պետրոսյանի հայտարարությունից բացի, «որեւէ փաստարկված ու տրամաբանական հիմք գոյություն չունի»:

Իրավաբանները պնդում են, որ սա «բացահայտ վրեժ է «Ռոյալ Արմենիա»-ի ղեկավարների նկատմամբ, ովքեր նախկինում միշտ հրաժարվել են մաքսային ծառայության աշխատակիցների հետ գործարքի մեջ մտնել»: Նրանց խոսքերով, երբ ընկերությունը որոշել էր հրաժարվել իր արտասահմանյան մատակարար Վաչե Պետրոսյանի ծառայություներից՝ վատ աշխատանքի համար, «մաքսայինի եւ մատակարարի շահերը համընկել են, եւ նրանք՝ համատեղ գործելով, ընկերությանը դրել են այս ծանր կացության մեջ»:

«Ռոյալ-Արմենիա»-ն լռել չի պատրաստվում. - «Մեր նպատակն է ազատել ապօրինի կալանավորված ընկերներին: Եւ թիրախ ենք դարձնելու մաքսային կոմիտեն՝ որպես այս այլանդակությունների գլխավոր որջ», - հայտարարեց Գագիկ Մինասյանը եւ ավելացրեց, - «Այդուհանդերձ, մենք Ռոբին Հուդ չենք, գործածար մարդ ենք եւ պարզապես ուզում ենք նորմալ աշխատել»:

Կալանավորվածների շահերի պաշտպան Աշոտ Սարգսյանը նշեց, որ դիմել են Վերաքննիչ դատարան՝ խափանման միջոցը փոխելու, սակայն հոկտեմբերի 28-ից մինչեւ օրս պատասխան չեն ստացել. դատավարության օրը դեռեւս նշանակված չէ:

Աշոտ Սարգսյանը գտնում է, որ բոլոր հիմքերը կան կալանքից «Ռոյալ-Արմենիա» ղեկավարներին ազատելու համար, քանի որ քրեական գործի հարուցումից հետո նրանք բազմիցս դուրս են եկել հանարապետությոնից եւ վերադարձել են, ուստի փաստ է, որ պատասխանատվությունից խուսափելու մտադրություն նրանք չունեն:

«Սա չի ստացվելու, քրեական գործը չի ապրելու, քանի որ տնտեսական հանցագործության դեպքում ամեն ասածի տակ փաստաթուղթ պետք է լինի, եւ այդ առումով ես լավատես եմ», - համոզված է Աշոտ Սարգսյանը:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG