Մատչելիության հղումներ

«Ոչ սահմանադրությանը, այո՝ իշխանափոխությանը». կոչ են անում «17+1» ֆորմատի անդամները


«Նոյեմբերի 28-ից մենք ապրելու ենք նոր Հայաստանում». այս կոչով, նարնջագույն դրոշներով, մոտ 70 մեքենայով ու սահմանադրության բարեփոխումներին ոչ քարոզող բազմաթիվ թռուցիկներով այսօր «17+1» ֆորմատի անդամները մեկնեցին Արագածոտն։

«Եվ «ոչ»-ը, եվ քվեարկության արդյունքների նենգափոխումը բերելու են իշխանափոխության, ինչպես դա եղավ Վրաստանում, Ուկրաինայում, Ղրղըզստանում», - հայտարարում էին ընդդիմադիրները։

«Նարնջագույն» հեղափոխության մոտիվները հատկապես գերակշռում էին Արամ Սարգսյանի ելույթում. «Եկել ենք, որ ձեզ ասենք՝ մենք վերանայելու ենք անօրինական ցանկացած սեփականաշնորհում։ Մենք ասում ենք, որ վերանայելու ենք բոլոր անօրինական դատավարությունները։ Դրանք մամուլում կան, ու եթե մենք եկանք իշխանության, հանձնաժողով ենք ստեղծելու եւ քննելու ենք այդ փաստերը»։

«Ոչ սահմանադրությանը, այո՝ իշխանափոխությանը», - քարոզում էին ընդդիմադիրները։ Հավաքին մասնակցող եղվարդցիները նույնպես սահմանադրության բարեփոխումներին իրենց ոչ-ը պատճառաբանում էին իշխանությունների նկատմամբ անվստահությամբ։ «Անկախ այն բանից՝ լավն էր գործող սահմանադրությունը, թե ոչ, միեւնույնն է, չէր կատարվում, -ասաց մի եղվարդցի կին, - «այնպես որ Սահմանադրության փոխարեն պետք է կատարողներին փոխել»։

Սահմանադրության բովանդակությանը վերաբերող հարցադրումներ հնչեցրեց միայն «Ժառանգություն» կուսակցության անդամ Վարդան Խաչատրյանը. վերջինիս մտահոգում էր սահմանադրության փոփոխությունների փաթեթում ամրագրված՝ երկրի սահմանները փոփոխելու հնարավորության մասին դրույթը։ Ի դեպ, բոլոր հանդիպումներում «ոչ» շտաբի անդամները նշում էին, որ վաղվանից իրենց քարոզարշավին միանալու է նաեւ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը։

Թե’ Եղվարդում, թե’ Աշտարակում, եւ թե’ Զովունիում մարդիկ ընդդիմադիրներից պահանջում էին միասնական լինել, եւ, ինչպես ասաց Զովունիի մի բնակիչ, «չքնել ու իշխանափոխության հարցը ականջի հետեւ չգցել»։

«Մենք էլ ձեզնից ենք միասնականություն պահանջում, - հակադարձեց Արամ Սարգսյանը: - «Կոչ ենք անում բոլորիդ. նոյեմբերի 27-ին ասացեք «ոչ» այս սահմանադրությանն ու եկեք մայրաքաղաք»։

Իսկ «այո»-ն քարոզող շտաբի ներկայացուցիչները այսօր ծրագրել էին փոփոխությունների վերաբերյալ իրենց տեսակետները ներկայացնել Թատերական ինստիտուտի եւ յուղակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմին եւ ուսանողներին: Ծրագիրը, սակայն, այդպես էլ մնաց թղթի վրա. Թատերական ինստիտուտում Ազգային Ժողովի ՀՅԴ խմբակցության անդամ Ռուբեն Հովսեփյանի հետ հանդիպման ներկայացել էին ընդամենը 10-15 հոգի, հիմնականում՝ լրագրողներ, իսկ յուղակադեմիյաում ուսանողների մուտքը դահլիճ ընդհանրապես արգելված էր:

Հեղինե Բունիաթյան եւ Նարեկ Գալստյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG