Մատչելիության հղումներ

Ռուսաստանի բանակում ծառայելու ցանկություն է հայտնել Հայաստանի առնվազն 300 քաղաքացի


Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության պետի տեղակալ գնդապետ Նիկոլայ Բարանովը հինգշաբթի օրը հայտնեց, թե անցյալ տարվանից առ այսօր զինծառայությունը Ռուսաստանում անցնելու խնդրանքով միայն Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը դիմել է Հայաստանի 300քաղաքացի:

«Կան նաեւ Ռուսաստանի նախագահին ուղղված դիմումներ, որոնց թիվն այս պահին հայտնի չէ», - լրագրողներին ասաց Նիկոլայ Բարանովը՝ որպես պատճառ նշելով Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու հնարավորությունը եւ բարձր աշխատավարձը, որը էլ ավելի է բարձրանալու:

Բարանովի փոխանցմամբ, վերջերս Ռուսաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, թե 2006-ի հունվարի 1-ից աշխատավարձերը բարձրանալու են 15, 2007-ին՝ 30, 2008-ին եւս 25 տոկոսով: Գնդապետ Նիկոլայ Բարանովն, օրինակ, ամսական 23 հազար ռուբլի (մոտ 900դոլար) է ստանում:

Դեռ անցյալ տարի հայտարարվեց, որ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում ԱՊՀ անդամ երկրներից պայմանագրային հիմունքներով ծառայություն անցած անձինք հետագայում դիմում ներկայացնելով կարող են դառնալ Ռուսաստանի քաղաքացիներ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այս որոշումը ոմանց մոտ խուճապ առաջացրեց, ոմանք էլ շատ ուրախացան:

«Պատճառներից հիմնական այն է, որ պայմանագրային հիմունքներով ծառայելու համար Ռուսաստանում չկան համապատասխան կադրեր, եւ Ռուսաստանն ինքը չի կարողանում համալրել իր բանակը», - կարծում է Նիկոլայ Բարանովը:

«Ռուսաստանի օրենքը արգելում էր օտարերկրյա քաղաքացիներին ծառայել ռուսական բանակում, եւ հասունացել էր համապատասխան որոշում կայացնելու պահը, քանի որ ցանկություն շատ կար», - կարծիք հայտեց Ռուսաստանի զինված ուժերի մարտական կառավարման խմբի քարտուղարության ղեկավար Կարեն Խաչատրյանը:

Քաղաքացիները, ովքեր երեք տարի արդեն ծառայել են ռուսական բանակում, ունեն Ռուսաստանի քաղաքացի դառնալու իրավունք: Դրա համար անհրաժեշտ է միայն դիմում ներկայցնել: Բայց ռուսական բանակում պայմանգրային ծառայության անցնելն էլ հեշտ չէ: Նախ պարտադիր պայման է ռուսերենի իմացությունը, Հայաստանում իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ չլինելը, անհրաժեշտ է նաեւ օրինական ճանապարհով մեկնել Ռուսաստան եւ դիմել մոտակա զինկոմիսարիատ:

Նիկոլայ Բարանովի վկալությամբ, վերջին տվյալներով, Հայաստանից 12 քաղաքացի է դիմել ռուսական զինկոմիսարիատներին, որոնցից երկուսն արդեն ծառայում են: 7-ի գործը ուսումնասիրվում է, որոնցից 5-ի վերաբերյալ շատ շուտով վերջնական որոշում կկայացվի:

Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG