Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը հրապարակել է «Աշխարհում կրոնական ազատութունների զեկույցը»


ԱՄՆ-ի պետքարտուղարությունը երեքշաբթի օրը հրապարակել է աշխարհում կրոնական ազատությունների պաշտպանման մասին զեկույց, որի հիմնական դրույթները ներկայացրել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կոնդոլիզա Ռայսը:

2005 թվականի զեկույցի մեջ Ադրբեջանը, Բելառուսը, Ռուսաստանը եւ Թուրքիան դասվել են այն երկրների շարքը, որոնցում գործում են խտրական օրենքներ կամ վարվում է կանխակալ քաղաքականություն, որը վնաս է հասցնում որոշակի կրոնների:

Ադրբեջանի վերաբերյալ զեկույցում նշվում է, որ չնայած երկրի Սահմանադրության մեջ ամրագրված կրոնական ազատություններին, Ադրբեջանի կառավարության ընդունած օրենքով արգելվում է կրոնափոխությունը արտասահմանցիների համար: Իշխանությունները հետաձգում կամ արգելում են որոշ կրոնական խմբերի գրանցումը, սահմանափակվում է երկիր կրոնական գրականություն ներմուծելու նրանց իրավունքը:

Բացի այդ, ըստ զեկույցի հեղինակների, «իշխանավորների կողմից տարբեր կրոնական կազմակերպությունների նկատմամբ ժամանակ առ ժամանակ կիրառվող բռնությունները շարունակվում են, սկանդալները բնակչության մոտ առաջացնում են կրոնափոխ եղած ադրբեջանցիների եւ ոչ ավանդական կրոնական ուղղությունների նկատմամբ հակակարանք»:

Թուրքիայում, ըստ ԱՄՆ-ի պետքարտուղարության, նախկինում արձանագրված դրական միտումներին հակառակ, կրոնական ազատաթյունների հետ կապված իրավիճակը վատթարացել է: Մասնավորապես, կառավարական մակարդակով ձեռնարկվել է արշավ ընդդեմ քրիստոնեական քարոզիչների, ովքեր բարձրաստիճան պաշտոնյաների ելույթներում որակվում են որպես «Թուրքիայի համար վտանգ», աճել է հակաքրիստոնեական քարոզչությունը մամուլում: Աճել է նաեւ Թուրքիայում քրիստոնյաների եւ եկեղեցիների նկատմամբ սպառնալիքների ու վանդալիզմի ակտերի թիվը:

Զեկույցում, ի թիվս այն պետություններն են, որտեղ նկատվում է կրոնական ազատությունների պահպանմանն առնչվող իրադրության զգալի բարելավում, հիշատակվում է նաեւ Վրաստանը: Հայաստանի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG