Մատչելիության հղումներ

Թուրքիայում բողոքի ցույցեր կանցնեն ընդդեմ ֆրանսիական AXA ապահովագրական ընկերության


Թուրքական հզոր արհմիություններից մեկը՝ «Մեմուր-Սեն»-ը, որոշել է բողոքի ցույցեր անցկացնել ընդդեմ «Աքսա» ֆրանսիական ապահովագրական ընկերությունը, որը վերջերս համաձայնել էր փոխհատուցում տալ Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին:

«Մենք որոշել ենք հաջորդ շաբաթվանից Թուրքիայի 81 նահանգներում բողոքի ցույցեր անցկացնել ընդդեմ AXA-ի: Հուսով եմ, AXA-ի գրասենյակների առջեւ անցկացվելիք ցույցերին կմասնակցեն հազարավոր մարդիկ», - «Ֆրանսպրես» գործակալությանն ասել է «Մեմուր-Սեն»-ի ղեկավար Ահմեդ Աքսուն, որն անցած ամիս կոչ էր արել արհմիության 200 հազար անդամներին չօգտվել AXA-ի ծառայություններից:

Ֆրանսիական ապահովագրական ընկերության դեմ բողոքի ալիքը Թուրքիայում բարձրացել էր AXA-ի եւ Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների հավաքական շահերը ներկայացնող փաստաբանների հետ՝ հոկտեմբերին ձեռք բերված համաձայնությունից հետո, ըստ որի, AXA-ն վերադարձնելու է մինչեւ 1915 թվականը Թուրքիայում ընկերության կողմից ապահովագրված, իսկ հետագայում Ցեղասպանության զոհ դարձած մարդկանց ապահովագրական գումարները:

Ընկերությունը ընդհանուր առմամբ հատկացնելու է 17 միլիոն դոլար, որից 3 միլիոն դոլարը տրամադրվելու է Ֆրանսիայում գործող հայկական բարեգործական ընկերություններին: Եվս 3 միլիոն դոլար հատկացվելու է դատական ծախսերը հոգալու, ինչպես նաեւ զոհվածների ժառանգներին փոստով ծանուցումներ ուղարկելու եւ գործը ընդհանրապես գովազդելու համար: Ապահովագրական գումարները վերադարձնելուն հատկացվելու է 11 միլիոն դոլար:

Ցեղասպանության զոհերի ժառանգների եւ ֆրանսական ապահովագրական ընկերության միջեւ ձեռք բերված համաձայնությունը քննադատող հայտարարույամբ էր հանդես եկել նաեւ Թուրքիայի բանակի կենսաթոշակային հիմնադրամը՝ «0յաք»-ը, որը AXA-ի հետ համագործակցում է 1999 թվականից:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG