Մատչելիության հղումներ

«Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական կամք չկա»


«Թրանսփերենսի ինտենեշնլ» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ամալյա Կոստանյանը երկուշաբթի օրը կայացած ասուլիսում հայտարարել է, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական կամք չկա. իշխանությունների ձեռնարկած քայլերը դեկլարատիվ բնույթ են կրում եւ էական արդյունք չեն տա, քանի դեռ որեւէ բարձրաստիճան պաշտոնյա կամ գործարար կոռուպցիայի համար պատասխանատվության չի ենթարկվել:

«Մեզ պետք չէ գլխաքանակ. հանրությանը բավական կլինի մեկ կամ երկու բաձրաստիճան պաշտոնյայի դատապարտումը կամ պաշտոնանկությունը», - նշել է Կոստանյանը եւ ավելացրել. - «Հայաստանի իշխանությունները, նախընտրում են կոռուպցիայի դեմ պայքարի ընդամենը մեկ տարբերակը՝ զուտ օրեսդրական բարեփոխումների ճանապարհը, ինչը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է, քանի որ օրենքները կատարելագործելուց բացի անհրաժեշտ է նաեւ դրանց հետեւել»:

Նրա կարծիքով, կան նաեւ բարեփոխումներ, սակայն դրանք հիմնականում իրականացվում են այնպես, որ բարձր խավի շահերին վնաս չհասցնեն:

«Հայաստանի իշխանական համակարգը այժմ ոտից գլուխ կոռումպացված է, եւ այս պայմաններում անիմաստ է էական առաջընթաց ակնկալել կոռուպցիայի դեմ պայքարի համար ստեղծված զանազան մարմիններից ու համակարգող խորհուրդներից՝ հատկապես, եթե դրանք ի սկզբանե զրկված են լիազորություններից եւ զուտ խորհրդատվական բնույթ են կրում», - գտնում է Ամալյա Կոստանյանը:

Այս համատեքստում «Թրանսփերենսի ինտենեշնլ» կազմակերպության ներկայացուցիչը ամենեւին էլ զարմանալի չի համարում վերջերս անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքները, ըստ որոնց, Հայաստանի քաղաքացիների մոտ 63 տոկոսի կարծիքով կոռուպցիան վերջին 3 տարվա ընթացքում աճել է, 15,5 տոկոսի կարծիքով՝ նույնն է մնացել: Հարցվածների միայն 4,5 տոկոսն է ասել, որ կոռուպցիայի դեմ արդեն երկու տարի շարունակվող կառավարության պայքարը իրենց կյանքում ինչ-որ բան է փոխել:

Հեղինե Բունիաթյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG