Մատչելիության հղումներ

«Թուրքիայի հանդուրժողական քայլերը վկայում են մինչեւ 2015 թվականը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հնարավորության մասին»


Կիրակի օրը Կալիֆորնիայի Լոս Անջելեսի համալսարանում անցկացվեց «Օսմանյան կայսրության հայերի մասին թուրքական երեք ձայն» թեմայով գիտաժողով, որը կազմակերպել էր համալսարանի ժամանակակից հայոց պատմության հայկական կրթական հիմնադրամը:

իտաժողովին ներկա էին մոտ 8ՕՕ մարդ, լրատվամիջոցների եւ տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ եւ հասարակ մարդիկ: Այստեղ էր նաեւ Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսության ներկայացուցիչը:

Բանախոսները՝ ամերիկյան տարբեր համալսարաններում դասավանդող թուրք պատմաբաններ Թաներ Աքչամը, Էլիֆ Շաֆաքը եւ Ֆաթմա Գյուչեկը, հանդես եկան «Օսմանյան փաստաթղթերի նոր գնահատականը», «Հիշողություն եւ գրականություն» եւ «Օսմանյան կայսրության հայերին նվիրված ստամբուլյան վերջին վեհաժողովը» թեմաներով դասախոսություններով:

Մինեսոտայի համալսարանի պատմության ամբիոնի պրոֆեսոր Թաներ Աքչամի զեկույցը կառուցված էր տարբեր արխիվներում պահվող փաստաթղթերի ապացուցողական նշանակության, Թուրքիայի կողմից Օսմանյան կայսրության վերջին տասնամյակներում ու Թուրքիայի հանրապետության առաջին տարիներին իրականացված ջարդերի ու ցեղասպանության ճանաչման նպատակահարմարության հարցերի շուրջ:

Արիզոնայի համալսարանի Մերձավոր Արեւելքի ուսումնասիրության ամբիոնի դասախոս, պրոֆեսոր եւ գրող Էլիֆ Շաֆաքը ներկայացրեց գրականության վրա պատմական իրադարձությունների ազդեցությունը՝ կենտրոնանալով հատկապես Զաբել Եսայանի ստեղծագործության վրա, որը ներկայացնում է այդ տարիների հայերի տառապանքները, խաղաղ ապրելու հույսը, թուրքերի նկատմամբ առաջացած ատելությունն ու դրա պատճառները:

Բանախոսները հայտարարեցին, որ «Հայոց ցեղասպանությունն այլեւս ոչ միայն հայկական, այլեւ թուրքական հարց է, եւ ժամանակը պարտադրում է ճանաչել նախկինում թույլ տրված հանցագործությունը»:

Նրանց խոսքերով, Թուրքիայի կառավարությունն այդ ճանապարհին արդեն կատարում է հանդուրժողական քայլեր, եւ իրադարձությունների նման զարգացումը վկայում է մինչեւ 2015 թվականը Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանությունը ճանաչելու հնարավորության մասին:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG